Արդեն մի քանի օր Գյումրիի առեւտրային բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական հիփոթեքային ծրագրով: Բանկերին բանավոր հրահանգ է իջեցվել վարկ չտրամադրել այս ծրագրով մինչեւ նոր հրահանգ ունենան: «Ծրագիրն ընթացքի մեջ է, չի կարելի ասել, դադարեցված է, պարզապես որոշ ժամանակ սպասելու ենք, հետո նորից կվարկավորենք»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայբիզնեսբանկի» Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Լյովա Գասպարյանը:

Ըստ հավաստի տեղեկությունների, ծրագիրը դադարեցվել է ֆինանսների սղության պատճառով, սակայն այս մասին խուսափում են բարձրաձայնել: Հիշեցնենք վարկային ծրագիրը եղածներից լավագույնն է համարվում, քանի որ վարկային պայմաններն անհամեմատ մատչելի են, բացի այդ, 4 տոկոսի չափով սուբսիդավորում է նաեւ կառավարությունը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերով  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պապյանի փոխանցմամբ, ծրագիրն իր ընթացքի մեջ է: «Բանկերն իրավունք չունեն վարկ չտրամադրելու. նման գրավոր որոշում չկա: Այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է, ինչպե՞ս կարող է դադարեցվել»,-ասել է Արմեն Պապյանը:

Իր հերթին «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Լիլիթ Եղիազարյանը NEWS.am-ին հայտնեց, որ հիպոտեթային վարկերի տրամադրման դադարեցման վերաբերյալ որեւէ հրահանգ` բանավոր կամ գրավոր, չի եղել: «Ուղղակի «Հայբիզնեսբանկը» ժամանակավորապես դադարեցրել է վարկերի տրամադրումը, քանի որ այդ ժամանակ բանկն իր առավելագույն չափն սպառել էր: Դրանից հետո տվյալ բանկը դիմել, ավելացրել է իր լիմիտը եւ շարունակել վարկավորումը»:

Սակայն «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունից հաստատել են լուրերը, որ ծրագիրը դադարեցվել է: «Դա առայժմ Երեւանին է վերաբերում, մարզերին չի վերաբերում: Մարզերում ծրագիրը շարունակվում է»,-փոխանցել է վարկային կազմակերպության վարկերի հսկող մասնագետ  Հայկ Զաքարյանը: Ըստ Զաքարյանի, պատճառը ֆինանսներն են: «Կապիտալի համալրման խնդիր կա, որը հարթվելուն պես ծրագիրը կշարունակվի, Երեւանում ծրագիրն այժմ դադարեցված է»,-ասել է նա: