Մոսկովյան Լյուբերցիում ադրբեջանցիներին պատկանող ռեստորանի վրա հարձակման կասկածանքով 12 հայ է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

Ընդ որում, նա հայտնեց, որ 11 մարդ, փաստաբանների միջամտության շնորհիվ, մասնավորապես՝ Մանուկ Շամիրովի, հաջողվել է ազատել կալանքից: Ութ մարդ ձերբակալվել էր Մարյինո թաղամասում ոստիկանության կողմից: «Ինչ վերաբերում է մյուս երիտասարդիվ, ով մարզիկ է, ամեն ինչ ավելի բարդ է: Բանն այն է, որ միջադեպի վկաներից մեկը ճանաչել է նրան եւ այդպիսով վկայի ցուցմունքներ են կազմվել։ Նա համապատասխանել է կնոջ նկարագրությանը: Մենք այժմ ձեռնարկում ենք բոլոր միջոցներն ու ջանքերը երիտասարդին օգնելու համար: Նա կասկածվում է խուլիգանական գործողություններ կատարելու մեջ, եւ պարոն Շամիրովն այժմ զբաղվում է նրա գործով»,- ասել է Կիրակոսյանը:

Նշենք, որ այս միջադեպից հետո Լյուբերցիում եւ ամբողջ Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները սկսել են կանգնեցնել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին եւ բերման ենթարկել դրանց հայ վարորդներին։ Ձերբակալվել է ընդհանուր մոտ հազար մարդ: Նրանց ինքնությունը պարզելուց հետո քաղաքացիներն ազատ են արձակվել: Ընդ որում, 15 մարդ տուգանվել է 1000-1500 ռուբլու չափով: