Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով երկրում համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգել է՝ նշանակելով հոկտեմբերի 17-ին, հայտնում է Reuters-ը։

Քաղաքական կուսակցությունները Արդեռնին կոչ են արել ընտրությունները հետաձգել՝ պնդելով, թե անհնար կլինի նախընտրական քարոզարշավ անցկացնել, որը կապահովեր ազատ եւ արդար ընտրություններ։

«Վերջնարդյունքում հոկտեմբերի 17-ը․․․ կուսակցությունների համար բավարար ժամանակ է ապահովում մի շարք հանգամանքներ ծրագրելու համար, որոնց դեպքում քարոզարշավն անցկացնելու ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արդեռնը։

Նա բացառել է ընտրությունների անցկացման հետագա ձգձգումը։

«Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Մենք բոլորս քարոզարշավն անցկացնում ենք նույն միջավայրում»,- նշել է Նոր Զելանդիայի վարչապետը։

Գործակալությունը նշում է, թե ընտրությունները որքան շուտ անցկացվեն, այնքան մեծ աջակցություն կստանա Արդեռնը, քանի որ երկրում նրա հանրաճանաչությունն աճել է COVID-19-ի դեմ հաջող պայքարի շնորհիվ։

Նախապես ընտրությունները նշանակված էին սեպտեմբերի 19-ին։ Նոր Զելանդիայի օրենսդրությամբ դրանք պետք է անցկացվեն մինչեւ նոյեմբերի 21-ը։ Նախնական քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 3-ին։