Դա Պարոն Ավետիսյանի անձնական որոշումն է, իրավունքն է, Ազգային ժողովը չի կարող սպասել, որ Կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն կարող է հրաժարական տալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ թեկնածությունից հրաժարվելը սպասելի՞ էր, թե՞ ոչ։
«Գնահատական տալ չեմ կարող, հավանաբար թեկնածուն գնահատեց իր հնարավորությունները և որոշում կայացրեց, չեմ կարող ասել, թե ի՞նչն է պատճառը եղել»,- ընդգծեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Մեր հարցին, թե ի՞նչ հարցերի շուրջ են տարակարծություններ եղել, քանի որ Վահրամ Ավետիսյանը պատճառաբանում է, որ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից իր համար ակնհայտ է դարձել պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իր մոտեցումներին եւ պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև անընդունելի, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը այդ նիստին չի մասնակցել և չի կարող ասել։
«Չեմ կարող նաև ասել, թե ինչո՞վ է այդ տարբերությունը պայմանավորված այն դեպքում, երբ արժեքային համակարգը, որը որդեգրել է իշխող քաղաքական թիմը՝ բոլորին հասկանալի է։ «Իմ քայլը» խմբակցությունը դրսևորել է այն մոտեցումը, որ թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված, թեկնածուն պետք է բավարարի Սահմանադրևական դատարանի դատավորի թեկնածուի չափանիշներին։ Թեկնածուն պետք է ոչ թե ցանկալի լինի քաղաքական թիմի համար, այլ պետք է այնպիսին լինի, որպեսզի ինքը 12 տարի իրականացնի արդարադատություն և անկախ նրանից թե ո՞վ է լինելու իշխանությունը և արդարադատությունը պիտի վստահություն ներշնչի հասարակությանը։ Սա է այն արժեքային համակարգը, որը որդեգրել է իշխող քաղաքական թիմը, և եթե իշխող քաղաքական թիմի արժեքները չեն համապատասխանում, ապա սա արդեն թեկնածուի որոշելիքն է»,- ասաց պարոն Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե իր կարծիքով Վահրամ Ավետիյանը համապատասխանո՞ւմ էր այդ չափանիշներին, իշխող ուժի պատգամավորն ասաց, որ այդ հարցին պատրաստ չէ պատասխանել, որովհետև բավարար տեղեկություն չունի, որպեսզի կարողանա կարծիք հայտնել։
«Այդ տեղեկատվությունը կստանայի լիագումար նիստի ժամանակ, երբ հարցեր ուղղեի նրան, և պատասխաններ լսեի»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմումը։ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրել էր հուլիսի 23-ին։ Սակայն, ըստ մամուլի հրապարակումների՝ իշխող ուժում նրա թեկնածությունը միանշանակ չէր ընդունվել։ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը միանշանակ չէր ընդունվել նաև մի շարք իրավապաշտպանների, փաստաբանների, և 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո ազատազրկված մարդկանց կողմից։ Նրանք դիմել էին Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Որպես պատճառ էր ներկայացվում այն, որ Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-ից 2016 թվականներին պաշտոնավարել է որպես Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ, քննել նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր և հետագայում հնարավոր է շահերի բախում առաջանա։





























