Լիբանանը պետք է երկու շաբաթով կարանտին սահմանի՝ կորոնավիրուսի վարակի աճի պատճառով․ «Լիբանանի ձայն» ռադիոյին տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը:
Երկուշաբթի օրը երկրի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ՝ 456 նոր դեպք, եւ մահվան 2 դեպք, որոնց հետեւանքով վարակների ընդհանուր թիվը հասել է 9337-ի, մահերինը՝ 105-ի:
«Մենք այսօր հայտարարում ենք ընդհանուր մարտական պատրաստականության մասին, եւ մեզ պետք է (երկիրը) երկու շաբաթով փակելու համարձակ որոշում կայացնել»,- ասել է Հասանը:
Լիբանանը, որն արդեն գտնվում էր ֆինանսական խորը ճգնաժամի պայմաններում, մինչեւ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը պայքարում էր COVID-19-ի դեմ:
Պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ հիվանդանոցներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անցյալ շաբաթ հայտնել է, որ Բեյրութում գտնվող 55 առողջապահական կենտրոնների գրեթե կեսը չի աշխատում:
«Մենք բոլորս բախվում ենք իրական խնդրի, եւ վերջին ժամանակահատվածում արձանագրված թվերը ցնցող են»,- ասել է Հասանը: «Խնդիրը պահանջում է վճռական գործողություններ»: Պետական եւ մասնավոր հիվանդանոցներում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդանոցները լիքն են, հավելել է նա:
Reuters-ին տված հարցազրույցում Հասանն ասել է, որ իշխանությունները դեռ չեն փակելի երկրի օդանավակայանը, քանի որ աճը հիմնականում տեղի է ունենում երկրի ներսում:
«Իրական վտանգը տարածումն է հասարակության մեջ»,- ասել է նա: «Բոլորը պետք է զգոն լինեն եւ կանխարգելման խստագույն միջոցներ ձեռնարկեն»:




























