Լիբանանի նախագահ Միշել Աունը դեմ է Բեյրութի նավահանգստում պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողովի ստեղծմանը, սակայն հնարավոր է համարում դրանում օտարերկրյա քննիչների մասնակցությունը։ Ընդ որում՝ նա հայտարարել է, որ այս պատահարի պատճառով չի պատրաստվում ժամկետից շուտ հրաժարական տալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր Սահմանադրությունը պահանջում է, որ մեր դատական համակարգը ինքը քննի ներքին խնդիրները։ Սա չի բնացառում ֆրանսիացի, ամերիկացի եւ մյուս քննիչների մասնակցությունը, որոնք արդեն օգնում են մեր ոստիկանությանը»,- ասել է նա իտալական Corriere della Sera պարբերականի հետ հարցազրույցում։
Խոսելով պայթյունի պատճառների մասին՝ Աունը կրկնել է այն թեզը, որ հիմա տեղի ունեցածի ոչ մի վարկած չի բացառվում, չնայած առավել հավանական է համարվում դժբախտ դեպքը։
«Լիբանանցի շատ վկաներ պնդում են, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ տեսել են օդանավեր եւ լսել դրանց ձայնը։ Անհրաժեշտ է նրանց լսել, անգամ եթե նրանք, հնարավոր է, մեծ վստահություն չեն ներկայացնում։ Անգամ եթե թվում է, որ դա դժբախտ դեպք է եղել, ես կցանկանայի, որ ինձ չմեղադրեն, որ ես չեմ լսում լուրաքանչյուրի ձայնը»,- շեշտել է Աունը։
Դրանից բացի, Աունը կտրականապես հերքել է վարկածն այն մասին, որ պայթյունը տեղի է ունեցել զինապահեստում, որը պատկանում է «Հիզբոլլահ» շարժմանը, ինչն իր հերթին բերել է ամոնիումի նիտրատի ավելի խոշոր պայթյունի։
«Դա անհնար է։ Բայց նման ծանր դեպքերը բորբոքում են հոգիներն ու երեւակայությունը։ Մենք գիտենք, որ «Հիզբոլլահը» նավահանգստում զինապահեստներ չունի։ Սակայն այս հետքն էլ կուսումնասիրվի»,- ասել է Աունը։
Նա նաեւ բացառել է ժամկետից վաղ իր հրաժարականը՝ հավելելով, որ Լիբանանում նոր ընտրությունները կարող են անցկացվել մեկ տարվա «կամ 6 ամսվա» ընթացքում։
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին։ Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել էր տասնյակ շենքեր, ավելի քան 300 հազար մարդ առանց տանիքի էր մնացել։ Զոհվել էր 171 մարդ, տուժել մոտ 6 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած։ Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ ողբերգության պատճառը զոդման աշխատանքներ կատարելիս ավելի քան 2,7 հազար տոննա ամիակային սելիտրայի բռնկումն էր, որը մաքսային ծառայությունները առգրավել էին 6 տարի առաջ։




























