ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունն արդեն սկսել է Բելառուսի ղեկավարության պատժամիջոցային ցուցակի մշակումը։ Այսօր այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարող եմ հաստատել, որ պատժամիջոցային ցուցակի պատրաստումն արդեն սկսվել է։ Առայժմ չեմ կարող ասել, թե երբ կավարտվի։ Դրանից հետո ցուցակը պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը»,- հայտարարել է նա։

Մասրալին նաեւ ընդգծել է, որ պատժամիջոցներն ընդունվելու են «Բելառուսի դեմ գոյություն ունեցող պատժամիջոցային ռեժիմի շրջանակում, որը գործում է մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը եւ ներառում է այս երկիր զենքի մատակարարումների արգելք, ինչպես նաեւ 4 մարդուց բաղկացած  սեւ ցուցակ՝ կապված ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների անհետացման հետ»։

Օգոստոսի 14-ին ԵՄ 27 երկրների նախարարները տեսակոնֆերանս էին անցկացրել, որի ժամանակ որոշում էին ընդունել սկսել Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների սեւ ցուցակի մշակումը, որոնք պատասխանատու են «ոստիկանական բռնության եւ օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքների կեղծման համար»։ Ցուցակում ներառված բոլոր անձանց կարգելվի ԵՄ տարածք մուտքը, իսկ Եվրամիությունում նրանց բանկային ակտիվները ենթակա են սառեցման։

Բելառուսում մարդու իրավունքների խախտումների դեմ ԵՄ հիմնական պատժամիջոցները գործել են 2003 թվականից եւ 2015-2016 թվականներին չեղարկվել են մի քանի փուլով։