Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտան հայտարարել է պաշտոնից հեռանալու եւ խորհրդարանն արձակելու մասին։ Կեյտան այս հայտարարությունը կատարել է ապստամբ զինվորականների կողմից իր եւ երկրի վարչապետ Բուբու Սիսեի կալանավորվելուց հետո մի քանի ժամ անց, փոխանցում է BBC-ն։

Հեռուստաուղերձում Կեյտան հայտարարել է, որ չի ցանկանում երկրում արյունահեղություն հանուն այն բանի, որ մնա իշխանության։ «Եթե այսօր մեր զինված ուժերում որոշ տարրեր ցանկանում են դա ավարտել ինտերվենցիայի ճանապարհով, ես իրականում ընտրություն ունե՞մ արդյոք»,- ասել է նա։

Իբրահիմ Բուբաքար Կեյտան հաղթել էր 2018 թվականի նախագահական ընտրություններում, սակայն Մալիում վերջին շրջանում կոռուպցիայից, ոչ բանիմաց տնտեսական քաղաքականությունից եւ երկրի որոշ շրջաններում բռնության աճից դժգոհությունը մեծացել էր։

Ռազմական հեղաշրջման փորձը սկսվել էր երեքշաբթի առավոտյան երկրի մայրաքաղաք Բամակոյի մերձավորությամբ ռազմական բազայում հրաձգությամբ։

Մայրաքաղաքից 15 կմ հեռավորությամբ գտնվող ռազմական բազայում ապստամբած սպաները կալանավորել էին հրամանատարությանը եւ երթով ուղեւորվել մայրաքաղաք։

Խռովությունն արդեն դատապարտել են Աֆրիկյան միության, Արեւմտյան Աֆրիկայի երկրների եւ Ֆրանսիայի նախկին մետրոպոլիայի (որից Մալին անկախություն էր ստացել 1960 թվականին) ներկայացուցիչները։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ ազատել երկրի ղեկավարությանը եւ վերականգնել սահմանադրական կարգը։

Խռովությունը ղեկավարել են գնդապետներ Մալիք Դյաուն, մայրաքաղաքին կից Կատի ռազմական ճամբարի հրամանատարի տեղակալը եւ գեներալ Սադիո Կամարան։

Ռազմական ճամբարը գրավելուց հետո խռովարարները երթով գնացել են մայրաքաղաք։ Նրանք գրոհով վերցրել են նախագահի նստավայրը, որտեղ է գտնվել նաեւ երկրի վարչապետը, եւ երկուսին էլ կալանավորել են։

Ապստամբության պատճառներն ամբողջապես պարզ չեն, ինչպես նաեւ դրան աջակցած զինվորների ու սպաների թիվը։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կոնֆլիկտը կարող էր սկսված լինել աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով։