Բելառուսի իրադարձությունները Հայաստանի վրա, ամենայն հավանականությամբ, քիչ կանդրադառնան։ Օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը։

Փորձագետը նշեց, որ Բելառուսում սոցիալական վիճակը համեմատաբար լավ է, քան այլ հանրապետություններում, եւ տեղի ունեցողը պայմանավորված չէ սոցիալական խնդիրներով։ «Մարդիկ, այնուամենայնիվ, հոգնում են միեւնույն անձանցից։ Կարծում եմ, որ Լուկաշենկոն, այնուամենայնիվ, կփորձի մնալ։ Բայց եթե անգամ նրան դա հաջողվի, նա սաստիկ կթուլանա։ Հետեւանքներն իրենց սպասել չեն ստիպի»,- նշեց Քոչարյանը։

Ընդ որում՝ քաղաքագետը կարծում է, որ իրադարձություններին Արեւմուտքն այնքան էլ խառնված չէ, եւ բեմահարթակին է հայտնվել պոստֆակտում։ Ի տարբերություն այլ երկրների։ Բելառուսի իրադարձությունները կանդրադառնան ամբողջ տարածաշրջանի վրա՝ կախված այն հանգամանքից, թե ներկայիս իրավիճակն ինչպես կավարտվի, հավելեց փորձագետը։

Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանի տխրահռչակ շնորհավորանքն ավելի շուտ արարողակարգային էր, չնայած «սորոսական» թեւը սկսեց վարչապետի վրա լայնածավալ հարձակում։ Ճիշտ է, պատճառները մի քանիսն էին, այդ թվում՝ Ամուլսարը։ «Տավուշյան իրադարձությունները ստիպեցին լռել նրանց, ովքեր պահանջում էին 102-րդ բազայի դուրսբերում։ Բայց իշխանության ներսում խնդիր կա։ Վարչապետ-Ալեն Սիմոնյան եւ Լարիսա Մինասյան վիճաբանությունը։ Օբլոնսկիների տանն ամեն ինչ խառնվել է»,- մեջբերեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ շրջանակում Բելառուսի հետ Հայաստանն ընդհանրապես ամենափոքր շրջանառությունն ունի, այնպես որ՝ սա տնտեսապես էլ առանձնապես չի անդրադառնա։ Այս իմաստով մենք դեռեւս օգտագործում ենք հիմնականում ռուսական շուկան, մնացյալը զրոի են ձգտում, արձանագրեց Քոչարյանը՝ հավելելով, որ իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ կան, եւ որեւէ բան պնդելը վաղաժամ է։

«Հայաստանի իրադարձությունների հետ նմանությունն առաջին հերթին այն է, որ մեկ անձից հոգնել են։ Ի տարբերություն Հայաստանի՝ սոցիալական վիճակն ավելի լավ է, քան այստեղ եղել է եւ կա։ Երկրորդ՝ Բելառուսում ընտրություններից 20 օր առաջ հայտարարել էին մարդկանց խմբի բռնելու մասին, հետո ասացին, որ նրանք Ռուսաստանից են։ Կարծում եմ, որ այստեղ ավելի շուտ արեւմտյան ձեռագիր չէ։ Բայց Արեւմուտքը չհապաղեց միջամտել»,- նշեց Քաոչարյանը՝ հավելելով, որ մարդիկ մեկ անձից հոգնում են, եթե անգամ լավ է, եւ որպեսզի գործընթացներն ընթանան էվելյուցիոն, այլ ոչ թե ռեւոլյուցիոն ճանապարհով, ռոտացիա է անհրաժեշտ։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի իրադարձությունները Հայաստանի վրա չեն անդրադառնա, ամփոփեց քաղաքագետը։