Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը այսօր հանդիպել է Բելառուսի նախագահի ընտրություններում թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, հայտնում է Delfi-ն։
Delfi-ի տեղեկությունները հաստատել է երկրի վարչապետի մամուլի քարտուղար Տոմաս Բերժինսկասը։
Նա Delfi-ին հայտնել է, որ Տիխանովսկայան դիմել է Հանրային առողջապահության ազգային կենտրոն եւ ներկայացրել COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական արդյունք, այս պատճառով մեկուսացման վայրը լքելու թույլտվություն է ստացել։ Հանդիպումից առաջ այս տեղեկությունը հաստատել են ղեկավարության պահպանության դեպարտամենտի աշխատակիցները։
Հանդիպման մասին վարչապետը հայտնել է «Ֆեյսբուքում»։ Նա հայտնել է, որ Տիխանովսկայայի հետ քննարկել է այն ամենը, ինչ նա վերապրել է։
«Ես հանդիպեցի Բելառուսի ազգային առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Մենք խոսել ենք այն փորձությունների մասին, որ նրան բաժին են ընկել նախընտրական արշավի ժամանակ, ահռելի պատասխանատվության մասին, որը նա ստանձնել է։ Ինչպես նաեւ ամենօրյա հոգսերի ու պահանջմունքների մասին, որոնց նա Լիտվայում բախվում է, քննարկել ենք նրա անձնական եւ նրա ընտանիքի անվտանգության հարցը»,- նշել է Սկվերնյալիսը։
«Մեր երկիրը մշտապես աջակցել է բելառուս ժողովրդին ազատության եւ ժողովրդավարության իր ձգտման մեջ։ Մենք տեսնում ենք ժողովրդի զարթոնքը, նրան աջակցում ենք։ Ազատ հասարակություն տանող ճանապարհը հեշտ չի լինի, այն մեծ տոկունություն է պահանջում։ Ես հավատում եմ, որ բելառուսները բավարար տոկունություն ունեն»,- հույս է հայտնել Լիտվայի վարչապետը։
«Ես Սվետլանային հավաստիացրի, որ կառավարությունը Լեհաստանի, Լատվիայի եւ Էստոնիայի գործընկերների հետ անում է եւ կանի ամեն ինչ, որ իրականացնի Բելառուսում ազատ ու ազնիվ ընտրությունների ձգտումը, եւ որ նրա երեխաները կարողանան հնարվորինս արագ իրենց հորը գրկել ազատության մեջ»,- ամփոփել է նա։




























