Հայաստանի Սահմանադրական դատարանը չպետք է կազմված լինի դատավորներից, որոնք իշխանություններին սիրելի կլինեն։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունների քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն պետք է անկախ լինի։ Ռուբինյանի համոզմամբ՝ ընդդիմությունն առիթ է փնտրում, որ արտահայտվի այս թեկնածուների դեմ, որովհետեւ նրանք չեն հետեւում այն քաղաքական հայացքներին, որոնք նրանցից սպասում են։ «Մենք դատավորների թեկնածությունները գնահատում ենք այլ չափանիշներով։ Մենք չենք ցանկանում, որ դատավորները լինեն մեզ քաղաքականապես հարմար եւ հաճելի։ Մենք ցանկանում ենք, որ Սահմանադրական դատարանը իսկապես անկախ լինի»,- հավաստիացրեց իշխող դաշինքի ներկայացուցիչը։





























