ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը նախազգուշացրել է, որ միջուկային զինանոցի մեծացումը Չինաստանի «գործերի ցանկում» հաջորդ կետն է, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Պենտագոնում լրագրողների առջեւ ելույթ ունենալիս Ռիչարդը հիշեցրել է, որ Չինաստանը զինված ուժերը հետեւողականորեն մեծացնելու ապացուցված փորձ ունի․ այսպես՝ Պեկինը ընդամենը վերջին 7 տարում կառուցել է ավելի քան 250 նավ՝ վերջերս ստեղծված առափնյա պահպանության համար։
«Ռազմավարական ուժերը Չինաստանի գործերի ցանկում հաջորդ կետն են, եւ ես փորձում եմ մեզ նախապատրաստել սպառնալիքին, որին մենք կբախվենք ապագայում, այլ ոչ թե նրան, որը գոյություն ունի հիմա։
Ես վախենում եմ, որ մենք՝ որպես երկիր, մինչեւ վերջ չենք գիտակցում սպառնալիքները, որոնց բախվելու ենք։ Չինաստանը հիմա հնարավորություն ունի մեր երկրին ուղղակիորեն սպառնալու սուզանավից, որը հագեցած է բալիստիկ հրթիռներով։ Սա բեկումնային պահ է»,- ասել է Ռիչարդը։
Չինաստանն առայժմ օդից միջուկային զենք արձակելու հնարավորություն չունի, բայց Պենտագոնի զեկույցում նշվում է, որ անցյալ տարեվերջին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը ներկայացրել է H-6N ռմբակոծիչը՝ որպես իր առաջին «օդ-օդ» դասի միջուկային ռմբակոծիչ-լիցքավորող։
Ըստ զեկույցի՝ ենթադրվում է, որ Չինաստանն այս պահին ունի 200 մարտագլխիկից մի փոքր ավելի։ Դրանց թվում կան մարտագլխիկներ, որոնք կարող են տեղակայվել Միացյալ Նահանգներ հասնելուն ունակ բալիստիկ հրթիռների վրա։ Պենտագոնն առաջին անգամ հայտնել է չինական մարտագլխիկների կոնկրետ թիվը։
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիան հայտնում է, որ ԱՄՆ միջուկային զինանոցում մոտ 3 800 մարտագլխիկ ակտիվ վիճակում է։ Սա նախկինի պես շատ ավելին է, քան ունի Չինաստանը։





























