ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին «կլիմայական հրահրիչ» է անվանել` Թրամփի կողմից ԱՄՆ-ում անտառային հրդեհների հարցում գլոբալ տաքացման դերը ճանաչել հրաժարվելու պատճառով, հայտնում է Reuters-ը:

Իր հերթին, Դոնալդ Թրամփը կատարվածի մեջ մեղադրում է անտառային տնտեսությունը` նշելով, որ խնդիրը գիտության մեջ չէ:

Վերջին տվյալների համաձայն` օգոստոսից արեւմտյան նահանգներում բռնկված հրդեհները 1.8 միլիոն հա տարածք են ծածկել Օրեգոնում, Կալիֆորնիայում եւ Վաշինգտոնում: Այրվել են փոքր քաղաքներ, ավերվել են հազարավոր տներ, զոհվել է առնվազն 36 մարդ: Հաղորդվում է տասնյակ անհայտ կորածների մասին:

Հրդեհի արդյունքում օդի աղտոտման վտանգավոր մակարդակ է առաջացել, եւ երկինքը դարձել է նարնջագույն եւ սեւ:

Հրշեջները նախազգուշացնում են, որ աղետիհետ մարտը դեռ առջեւում է: Այս շաբաթ կանխատեսվող ամպրոպները կարող են իրենց հետ երկար սպասված անձրեւներ բերել, սակայն ամպրոպների առաջացրած կայծակները կարող են էլ ավելի սրել հրդեհային իրավիճակը: Բացի այդ, իշխանությունները նախազգուշացնում են հրդեհներից զոհերի թվի հավանական աճի մասին: