Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին կոչ է արել չմասնակցել ընտրություններին, հրավիրել է Մոսկվա եւ առաջարկել «լուռ ու հանգիստ գնալ սունկ հավաքելու»:

«Թանկագին Միշիկո: Ի՞ նչ ես այդպես ոգեւորվել: Ինչի՞դ է պետք քո կուսակցության հաղթանակը Վրաստանում: Այնտեղ առանց այդ էլ վատ է. Աբխազիան ձերը չէ, Հարավային Օսիան ձերը չէ, շուտով Բաթումը եւս կկորցնեք, ձեզ մեծ պատերազմի մեջ կներքաշեն Կովկասում: Քեզ, Միշիկո, խաղաղ կյանք է պետք, դու առանց այդ էլ արդեն չափից շատ ես անհանգստացել»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram ալիքում:

«Առաջարկում եմ քեզ գալ Մոսկվա, միասին խինկալի կուտենք վրացական լավագույն ռեստորանում, սացիվի եւ լոբիո, «Կինձմարաուլի», «Աղաշենի» եւ «Ծինանդալի» կխմենք: Կգնանք Ռուբլյովկա`  Յանուկովիչի մոտ, թղթախաղ եւ դոմինո խաղանք, հետո Լուկաշենկոն էլ կգա մեզ մոտ: Եւ հերիք է տնքաս եւ մասնակցես ընտրություններին, դուք արդեն փչացրել եք ինչ կարող էիք` Կիեւում, Թբիլիսիում եւ Մինսկում: Արի լուռ ու հանգիստ գնանք սունկ հավաքելու, բաղնիքում շոգեհարվելու, ինչպես Լուկաշենկոն է սիրում, եւ քիչ փնթփնթա, որ ժողովրդավարությունը կամ տնտեսությունն այն չեն: Այդ ձեզ մոտ ոչինչ չստացվեց, իսկ նոր սերունդն ամեն ինչ կանի, բայց` առանց ձեզ: Հերիք է մարդկանց հիմարացնեք»,- գրել է քաղաքական գործիչը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում զգալիորեն առաջ է անցել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» դաշինքից, որի կազմում է նաեւ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Հաղթողները նշել են, որ կառավարություն ձեւավորելու հնարավորություն են ստանում: Վրաստանում ընդդիմադիր ուժերի ղեկավարները հայտարարել են, որ արդյունքները ոչ լեգիտիմ են համարում: