Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի հաշվարկման նոր մեթոդաբանություն է մշակել, որը կօգնի խուսափել դրա թանկացումից: Այս մասին նոյեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ մեթոդաբանությունն առաջարկում է միջինացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության եկամուտներն ու ծախսերն առաջիկա 10 տարվա ընթացքում, որպեսզի այդ տարիների ընթացքում սակագինը չտատանվի կամ տատանվի նվազագույն կերպով:

«Այս տարիների ընթացքում ընկերությունը 200-230 միլիարդ դրամի ներդրումներ է նախանշել: Ներդրումների միջոցով ընկերությունը կբարելավի իր բաշխիչ ցանցի սարքինությունն ու արդյունավետությունը: Որքան շուտ այն սկսի դա անել, այնքան շուտ կսկսի լրացուցիչ շահույթ ստանալ»,- պարզաբանեց Բաղրամյանը:

Նույն մոտեցումը, ինչպես նշեց գերատեսչության ղեկավարը, ժամանակին կիրառվել է նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նկատմամբ:

Այսօր գործող տեխնիկական կանոնակարգերն ավելի շատ աշխատողներ են պահանջում ցանցի համար, քան, «Գազպրոմ Արմենիայի» գնահատմամբ, իրականում պահանջվում է: Պաշտոնապես պետք է աշխատի մոտ յոթ հազար մարդ, բայց իրականում աշխատում է 5800-ը: Անցած տարիների ընթացքում ընկերությունն այնտեղ մարդկանց է կրճատել, որտեղ ցանցի անվտանգությանն ուղղակի սպառնալիք չի եղել: Այժմ անհրաժեշտ կլինի եւս հազար մարդ կրճատել, եւ, ամենայն հավանականությամբ, դա կլինի տեսուչների մի մասը, որոնք ստուգում են հաշվիչ սարքերի ցուցիչները: