Տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչների ֆինանսավորման համար հանրապետության պետական բյուջեից կհատկացվի 138 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ընդ որում, 70 միլիոն դրամ կհատկացվի տնտեսական հետազոտությունների իրականացման համար:

«Կապված այն բանի հետ, որ 2021թ․ հատուկ ուշադրություն է դարձվելու օտարերկրյա ներդրումների խթանմանը, 867 միլիոն դրամ կուղղվի ներդրումային ծրագրերի իրականացման համար օտարերկրյա ներդրողների հետ հարաբերությունների հաստատման հարթակներ ստեղծելու համար: Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար, ընդհանուր առմամբ, պետբյուջեով նախատեսվում է 520 միլիոն դրամի տրամադրում: Բացի այդ, բիզնեսին կտրամադրվի անհրաժեշտ խորհրդատվություն, դասընթացներ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, նաեւ աշխատանքներ կկատարվեն ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացման ուղղությամբ»,- հայտնեց նախարարը: