Վրաստանի կառավարությունում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը կապում են բողոքի ցույցերի հետ, որոնք երկրում սկսվել են խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո, եւ նախատեսում են մտցնել նոր սահմանափակումներ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան Վրաստանի կառավարությանն առընթեր միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին։

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները ընդդիմությունը չի ճանաչում։ Նոյեմբերի 1-ից երկրի տարբեր տարածքներում ընթանում են բողոքի ցույցեր։ Միաժամանակ, ինչպես եւ մասնագետները կանխատեսել էին, այդ օրերին Վրաստանում սկսել է գրանցվել հիվանդացածների թվի աճ։ Միայն վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 401 դեպք, ինչը համավարակի սկզբից ռեկորդային ցուցանիշ է, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

«Մենք նոր փուլի ենք անցնում։ Այսօր մեզ մոտ արդեն կա ավելի քան 2,4 հազար նոր դեպք։ Հաշվի առնելով այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում փողոցում եւ Եվրոպայում վիրուսի տարածման դինամիկան, ինչպես երեւում է՝ աճը շարունակվում է։ Սա փաստ է, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք»,- ասել է Գախարիան։

Երկրի վարչապետը հայտարարել է բոլոր գերատեսչությունների «առավելագույն մոբիլիզացիայի» անհրաժեշտության մասին։ Նա միաժամանակ ներկայացրել է «կետային սահմանափակումների նոր փաթեթը», որոնք կօգնեն նվազեցնել հիվանդության տարածման տեմպերը։

«Մենք չենք խոսում երկրի մասշտաբով համակարգային սահմանափակումների մասին։ Մենք խոսում ենք կետային սահմանափակումների մասին»,- պարզաբանել է նա։

Գախարիան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է նախատեսում ընդունել։ Ըստ ամենայնի, դրանք կոչված են լինելու սահմանափակել քաղաքացիների շարժունակությունը։

«Անկասկած, այն քաղաքական ակտիվությունը, որ տեղի է ունենում փողոցներում, անչափ արագացնում է պիկի մոտենալը։ Իրավիճակը շատ ավելի վատթար կլինի, քան մենք սպասում էինք, քանի որ փողոցային ակցիաների առաջացրած շարժունակությունը ուղղակիորեն կապված է վարակման արագ աճի հետ»,- հայտարարել է Գախարիան։

Վրաստանում փետրվարի վերջին մինչ օրս լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 49 218 դեպք։ Նրանցից ապաքինվել է 33 459 մարդ, մահացել է 401 պացիենտ։

Ներկայումս շարունակում են ակտիվ մնալ COVID-19-ի 15 332 դեպք։ Պացիենտներից 638-ի վիճակը գնահատվում է ծանր։ Նրանցից 293-ը միացված է ԹԱՕ սարքերին։

Վրաստանի վարչապետ Գախարիան դեռեւս սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին։ Նա հավաստիացրել էր, որ իշխանությունները լիովին վերահսկում են ինֆեկցիայի տարածման հետ կապված իրավիճակը։ Այդ պահին հայտնաբերվել էր 24 ժամում վարակման ռեկորդային թիվ՝ 57 մարդ։

Երկրում սեպտեմբերի 10-ից արգելել են ճաշկերույթով եւ մեծ թվով հյուրերով ուղեկցվող հանդիսությունների անցկացումը՝ հարսանիքներ, հոգեհացեր, հոբելյաններ։ Արգելքը տարածվում է նաեւ 200 մարդուց ավելի մասնակցությամբ մշակութային եւ սպորտային միջոցառումների վրա, որոնք նախկինում թույլ էր տրվում անցկացնել բացօթյա։ Ընդ որում՝ սահմանափակումները չեն վերաբերել նախընտրական գործընթացի հետ կապված ցանկացած միջոցառման։

Վրաստանի իշխանությունները COVID-19-ին առնչվող լրացուցիչ միջոցառումներ են ընդունել արդեն ընտրություններից հետո։

Նոյեմբերի 4-ից դիմակի կրումը պարտադիր է դարձել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ փողոցում։ Երկրի բոլոր խոշոր քաղաքներում մինչեւ նոյեմբերի 25-ը ուսումնական գործընթացը անցկացվում է հեռավար ռեժիմով։ Դրանից բացի, ամբողջ Վրաստանում ռեստորաններին եւ զվարճանքի օբյեկտներին արգելված է աշխատել գիշերային ժամերին՝ 22։00-ից հետո։