ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, 168-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի կոչ-գրառումը՝ ուղղված ոստիկանությանը, մտահոգիչ փաստեր էր պարունակում։ Այս մասին գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա մասնավորապես նշել է. «Պարզվում է՝ «արգելված մտքերի» օրենքը ոստիկանությունը որոշել է կիրառել գիշերվա կեսին՝ այցելելով Սաթիկի տուն։ Չէի՞ք կարող առավոտյան անել։ Անգամ քննչական գործողություններն է արգելված կատարել գիշերը՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի։

Ի դեպ, բուն «արգելված մտքերի» օրենքն էլ է, մեղմ ասած, վիճահարույց՝ հաշվի առնելով սահմանադրական դատարանին ուղղված ՀՀ ՄԻՊ-ի դիմումը։

Ի՞նչ եմ առաջարկում։ Քանի դեռ ՍԴ-ն որոշում չի կայացրել՝ առաջարկում եմ ձևավորել տարբեր հայացքներ ունեցող մարդկանցից կազմված հանձնաժողով (աշխատանքային խումբ՝ անունը ինչ ուզում եք, դրեք) - ֆորմալ կամ ոչ ֆորմալ - որը մինչև վարույթ հարուցելու, մարդկանց անհանգստացնելու ու տուգանելու որոշում կայացնելը կքննարկի կոնկրետ հրապարակումը-գրառումը-մեկնաբանությունը և եթե իրոք հանրային վտանգավորություն ունենա՝ կնպաստի դրա շտապ հեռացմանը, եթե չունենա՝ չունենա։

Պատրաստ եմ ինքս էլ մասնակցել այդպիսի ձևաչափի։

Պատերազմը օր-օրի ավելի ծանր է դառնում։ Բոլորս ենք տեսնում։ Պետք է քայլեր ձեռնարկվեն օր-օրի կուտակվող լարվածությունը նվազեցնելու, այլ ոչ թե թաքցնելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաթիկ Սեյրանյանը գրառում էր կատարել՝ նշելով, գիշերը՝ 22։30-ին են իր տուն տարել աշխատանքային գործունեության հետ կապված ծանուցումներ: Նա մասնավորապես նշել էր. «Հարգելի ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետայսու ինձ ուղղված բոլոր ծանուցումները ներկայացրեք ԲԱՑԱՌԱՊԵՍ փոստային տարբերակով, հատկապես, եթե դրանք վերաբերում են իմ աշխատանքային գործունեությանը։

Նման բովանդակությամբ ծանուցումները խնդրում եմ ներկայացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի ժուռնալիստների միության,  «168 Ժամ»  թերթի և 168.am-ի հասցեներով, ինչը և անում էիք նախկինում՝ ռազմական դրությամբ պայմանավորված հրապարակումների սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշման կիրարկման առաջին օրերին։

Գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս։ Հանգիստ թողեք մարդկանց․ մանկահասակ երեխաներ կան։

Հետայսու զերծ մնացեք իմ բնակության հասցեում որևէ գործողություն իրականացնելուց, կրկնում եմ, հատկապես եթե դրանք կապված են իմ աշխատանքային պարտավորությունների և պարտականությունների հետ, և, վստահաբար, չունեն ՀՐԱՏԱՊՈւԹՅՈՒՆ!!!

Նման դեպքերում գոյություն ունի հեռախոսակապ, իսկ ես մշտապես հասանելի եմ»։

Նշենք, որ նոյեմբերի 3-ին ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, 168-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի կոչ-գրառումը՝ ուղղված ոստիկանությանը,...

Опубликовано Ruben Melikyan Четверг, 5 ноября 2020 г.