Եվրամիությունը ճանաչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կենտրոնական դերն առողջապահության ոլորտում համաշխարհային խնդիրները լուծելու հարցում, սակայն համարում է, որ անհրաժեշտ է այդ կազմակերպության ամրապնդումն ու բարեփոխումների անցկացումն այդ կառույցում, ասված է ուրբաթ ԵՄ հայտարարության մեջ:
«Եզրակացությունները վկայում են ԱՀԿ-ի՝ որպես առաջատար եւ համակարգող մարմնի կենտրոնական դերն առողջապահության ոլորտում համաշխարհային մարտահրավերների լուծման հարցում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ համավարակների ժամանակ ԱՀԿ-ից ակնկալիքները, փաստացի, գերազանցել են դրա հնարավորությունները եւ կազմակերպության անդամ պետություններին աջակցելու ունակությունը առողջապահության կայուն եւ ամուր համակարգերի զարգացման գործում»,-նշված է փաստաթղթում:
Եզրակացությունում ընդգծված է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ կազմակերպության ամրապնդման ու բարեփոխումների գործում: Եվրամիությունը, մասնավորապես, համարում է, որ կարեւոր է փոփոխել արտակարգ իրավիճակների մասին համաշխարհային ազդարարման համակարգը, ինչպես նաեւ սահմանել սահմանափակումների հստակ տարանջատում երկրների միջեւ մարդկանց ուղեւորությունների ու ապրանքների փոխադրման դեպքում տնտեսություններին չվնասելու համար:





























