ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կոմիսար Էլեն Ուեյնթրաուբը հայտարարել է, թե ուզում է, որ ամերիկացիներն իմանան, որ այս տարվա ընտրություններում «կեղծիքի վկայություններ իսկապես չեն եղել», հաղորդում է CNN-ը:

«Պետական եւ տեղական իշխանությունները, ինչպես նաեւ ամբողջ երկրում հարցումներ անցկացնողները շատ ակտիվ են եղել, եւ շատ քիչ բողոքներ կան՝ կապված այս ընտրությունների անցկացման հետ: Շատ քիչ հիմնավոր բողոքներ՝ եթե թույլ տաք այդպես արտահայտվել: Չկան որեւէ բնույթի խարդախության վկայություններ: Չկան անօրինական քվեարկության վկայություններ»,- ասել է Ուեյնթրաուբը հեռուստաընկերությանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա նախընտրական շտաբը հայտարարել էին նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների մասին: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ի սկզբանե ինքն առաջատար էր, բայց «հրաշքով» իր հաջողությունը զրոյի հավասարվեց: ԱՄՆ նախագահը խոստացել է դիմել դատարան՝ կապված ընտրությունների արդյունքների հետ: