Թբիլիսիում պատրաստվում են անցկացնել մասշտաբային բողոքի ցույց ընդդեմ հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծմանը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ արդեն ավարտվել է բեմի կառուցման աշխատանքը: Ակցիան կմեկնարկի 15:00-ին: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու կողմնակիցները նախապես կհավաքվեն Թբիլիսիի կենտրոնում դեպի խորհրդարան քայլերթի համար: Վրաստանի շրջաններից բնակիչները կմիանան հանրահավաքին: Մայրաքաղաք են ժամանում մեքենաներ Քութաիսիից, Փոթիից եւ Գորիից:
«Ակցիային կմիանան բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հոկտեմբերի 31-ին նրանց կողոպտել են: Արդեն երեկոյան 8-ից հետո տեղի են ունեցել ամփոփիչ արձանագրությունների աներեւակայելի կեղծումներ: Վրացիներից խլել են սահմանադրական իրավունքը: Ինչպես խլել եք, այնպես էլ վերադարձրեք»,-հայտարարել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զաալ Ուդումաշվիլին:
Նախօրեին Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ էր արել ժողովրդին գնալ խորհրդարանի շենքի մոտ եւ հայտնել իրենց բողոքը, ինչպես նաեւ խոստացել էր տեսակապով միանալ ցուցարարներին:
Ակցիայի կազմակերպիչները չեն նշում մանրամասներ, միայն ընդդիմադիրները ընդգծում են, որ նպատակ ունեն հնարավորինս շատ քաղաքացի հավաքել, որոնք վրդովված են քվեարկության արդյունքներով: Ամբողջ շաբաթ տեղի է ունեցել տեղեկատվական արշավ Թբիլիսիում եւ շրջաններում նոյեմբերի 8-ին ակցիային միանալու կոչով: Նույն կոչով են դիմել նաեւ վրացական էստրադայի որոշ աստղեր, այդ թվում՝ Նինո Քաթամաձեն եւ Լելա Ցուրցումիան:
Քաղաքական գործիչները երաշխավորել են, որ հանրահավաքի ժամանակ Covid-19-ի անվտանգության բոլոր միջոցառումները կապահովվեն: Այդ մասին կոչ են արել նաեւ համաճարակաբաններն ու Վրաստանի կառավարության այլ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄՆ ու ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչները:
Հանրահավաքի կազմակերպման մեջ ներգրավվել է գրեթե ողջ ընդդիմադիր սպեկտրը, այդ թվում՝ տասնյակ կուսակցությունները:
Այսօր նույն ժամին բողոքի ցույց կանցկացվի նաեւ Բաթումիում: Ցուցարարները կպահանջեն Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականն ու կրկնակի ընտրությունների նշանակում:
«Մենք հավաքվում ենք, որ եւս մեկ անգամ ցույց տանք Բիձինա Իվանիշվիլիին, որ նա պարտվել է ընտրություններում: Ժողովրդի կամքը չի ամրագրվել ամփոփիչ արձանագրություններում: Ընտրությունները գողացել են»,-ասել է «Լելո Վրաստանի» համար կուսացկության անգամ Իրակլի Կուպրաձեն:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ներառվել են տասներորդ գումարման խորհրդարանում, հրաժարվում են իրենց մանդատներից եւ պահանջում նոր քվեարկության անցկացում: Քաղաքական գործիչները հայտարարել են անժամկետ բողոքի ցույցերի մասին նոյեմբերի 1-ին:
Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ 48.23 տոկոս: Երկրորդ արդյունքը պատկանում է «Ազգային շարժում՝ Միասնության ուժ» ընդդիմադիր կոալիցիային՝ 27.17 տոկոս:





























