Politico պարբերականը ներկայացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում առանցքային պաշտոնների հավանական թեկնածուներին:
Ինչպես նշում է պարբերականը, նրանք բոլորը ստիպված կլինեն հաղթահարել բավականին բարդ խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարում եւ երկրի տնտեսությունը վերականգնելու գործում:
Բայդենը, որը խոստացել է միավորել երկիրը, ամենայն հավանականությամբ, իր վարչակազմում պաշտոնների համար կներկայացնի առաջադեմ, խելացի գործիչների խառը խումբ եւ անգամ մի քանի հանրապետական, իսկ, հնարավոր է, կներգրավի նաեւ նոր դեմքեր:
ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական թեկնածուներից է, ըստ Politico-ի, Բարաք Օբամայի վարչակազմում նախկին ազգային անվտանգության խորհրդական, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:
Մյուս հնարավոր թեկնածուներից ԱՄՆ ԱԳ նախարարի պաշտոնում ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսն է ու դեմոկրատ սենատոր Քրիս Կունը Դելեւերից:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու թեկնածուներից է քաղաքականության հարցերով նախկին պաշտպանության փոխնախարար Միշել Ֆլուրնոյը, ինչպես նաեւ Իրաքում պատերազմի վետերան, սենատոր Թեմի Դաքուորթը:
Ակնկալվում է, որ Բայդենը ֆինանսերի նախարարի պաշտոնում կնշանակի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու, սենատոր Էլիզաբեթ Ուորենին, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավարի տեղակալ Ռոջեր Ֆերգյուսոնին կամ ինվեստոր Մելոդի Հոբսոնին: Պարբերականը նշում է, որ Բայդենն իր ֆինանսական թիմին կնշանակի առաջին հերթին, որպեսզի նրանք բավականաչափ ժամանակ ստանան համավարակի դեմ օգնության փաթեթ մշակելու համար:
Սակայն ֆինանսների նախարարի ամենահավանական թեկնածուն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Կառավարման խորհրդի անդամ Լաել Բրեյնարդն է:




























