Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հեռախոսազրույց կունենա Ջո Բայդենի հետ, որը, համաձայն ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների կանխատեսումների, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այդ մասին կիրակի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեմեն Բոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ շաբաթվա սկզբում նրանք կունենան հեռախոսազրույց, որը կլինի երկարատեւ եւ ամուր համագործակցության հիմքը»,-հայտարարել է Բոնը Cnews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը Ֆրանսիայի եւ ամբողջ Եվրոպայի կարեւոր դաշնակից է, եւ հույս հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները միայն կբարելավվեն Բայդենի նախագահությամբ:
«Պետք է խոստովանել, որ Թրամփի նախագահության օրոք բարդ էր, սակայն մենք պետք է պահպանենք սերտ կապերն անվտանգության ոլորտում, առեւտրի եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում»,-նշել է Բոնը:
Շաբաթ երեկոյան Մակրոնը շնորհավորել է Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա հայտարարել է, որ երկրները պետք է շատ աշխատանք տանեն ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու համար, եւ կոչ արել գործել միասնական: Դա տեղի է ունեցել, երբ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղորդել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Բայդենի հաղթանակի մասին: ԱՄՆ գործող նախագահ եւ նրա մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը չի ընդունել պարտությունը՝ հայտարարելով, որ ձայների հաշվարկը չի կարելի ավարտված համարել: Ամերիկայի առաջնորդը նաեւ հաստատել է դատարան դիմելու մտադրությունը, քանի որ, նրա կարծիքով, ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, որոնք թույլ են տվել դեմոկրատները:





























