Երեքշաբթի կորոնավիրուսից մահացել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի ընկեր, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար, քաղաքական ոլորտի վետերաններից մեկը` Սաիբ Արիքաթը, հայտնում է AFP-ն: Նա 65 տարեկան էր:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը խորը վիշտ է հայտնել Արիքաթի մահվան կապակցությամբ, որին նա եղբայր, ընկեր եւ մեծ կորուստ է անվանել Պաղեստինի ժողովրդի համար:

Եգիպտոսում եւս բարձր են գնահատել Արիքաթին` որպես «անսասան մարտիկի, ով իր կյանքի ընթացքում ջանասիրաբար պաշտպանել է Պաղեստինի ժողովրդի իրավունքները»:

Երկար տարիներ Արիքաթը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնական բանակցողն էր:

Արիքաթը տառապում էր թոքային ֆիբրոզից եւ փոխպատվաստման վիրահատության էր սպասում: Նա հոկտեմբերի 18-ին տեղափոխվել էր Արեւմտյան Երուսաղեմի իսրայելական Hadassah Ein Kerem հիվանդանոց: Սակայն վերականգնման հույս գրեթե չկար: Արիքաթը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, որտեղ եւ մահացել էր: