Գերմանիայի քաղաքացի Յենս Ֆ.-ին մեղադրանք է առաջադրվել լրտեսության մեջ` Գերմանիայի խորհրդարանի կողմից շահագործվող գույքի մասին տեղեկատվությունը Ռուսաստանի ռազմական հետախուզությանը փոխանցելու համար, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով դատախազության հայտարարությունը:
Կասկածյալն աշխատում էր մի ընկերությունում, որը բազմիցս շարժական էլեկտրական սարքերի ստուգման պայմանագրեր էր ստացել Բունդեսթագից կամ խորհրդարանի ստորին պալատից, ասվում է դաշնային դատախազների հայտարարության մեջ: Նա մուտք է ունեցել համապատասխան անշարժ գույքի հարկերի պլանների PDF ֆայլերին: Բունդեսթագը տեղակայված է Ռեյխսթագի շենքում, սակայն նաեւ մի քանի այլ օբյեկտ է օգտագործում:
Դատախազները հայտարարել են, որ ինչ-որ պահի մինչեւ 2017-ի սեպտեմբերի սկզբը կասկածյալն «իր կամքով» որոշել է այդ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ռուսական հետախուզությանը: Նրանց խոսքով` նա PDF ֆայլերն ուղարկել էր Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին, ով ՌԴ ռազմական հետախուզության սպա էր:
Մեղադրանքները Բեռլինի դատարանում ներկայացվել են փետրվարի 12-ին: Դատարանը պետք է որոշի` շարունակել գործընթացը, թե ոչ:





























