Հայաստանում, որտեղ բանակը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սկանդալ է բռնկվում Երեւանի դատարանի որոշմամբ Հայաստանի Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի եւ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ եւ մեդիա մենեջեր Արա Սաղաթելյանի կալանավորման պատճառով, հայտնում է Strana.ua-ն:
Նրան մեղադրում են «Ֆեյսբուքում» ինչ-որ ֆեյք ակաունտ կառավարելու մեջ, որից տարածվել է երկրի ղեկավարության վերաբերյալ բացասական տեղեկատվություն: Միաժամանակ, ինքը՝ Արա Սաղաթելյանը, նրա պաշտպանները եւ ընկերները կարծում են, որը գործն ամբողջությամբ սարքված է իշխանությունների կողմից: Այս գործի եւ Սաղաթելյանի կալանավորման մասին գրում է «Սպուտնիկը»:
Փետրվարի 20-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր Արա Սաղաթելյանի գլխավորությամբ հանցավոր խմբի բացահայտման մասին, որն իբր գործել է «Ֆեյսբուքում»՝ հրապարակելով պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչվող «զրպարտչական գրառումներ»:
Նա իբր այդ խմբի կազմի մեջ է ներառել իր գործընկեր Կարեն Բեքարյանին, վարորդ Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին եւ այլ անձանց: ԱԱԾ վարկածով նրանք «Ֆեյսբուքում» ստեղծել են Gagik Soghomonyan ֆեյք էջը:
Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ու ընկերները մեղադրանքը սարքած են համարում՝ քաղաքական դրդապատճառներով, քանի որ նա չի թաքցրել երկրի ղեկավարության նկատմամբ իր ընդդիմադիր հայացքները: Ինչպես հայտարարում են փաստաբանները, նա կապ չունի Gagik Soghomonyan ակաունտի հետ, եւ քննությունը նրա մասնակցության ոչ մի ապացույց չունի:
Կողմնակիցները նաեւ նշում են, որ Սաղաթելյանը տեղեկատվական մեծ աշխատանք է կատարել Հայաստանի շահերի շրջանակում:
Փետրվարի 23-ին Հայաստանի ԱԱԾ շենքի առջեւ տեղի էր ունեցել ցույց ի պաշտպանություն Սաղաթելյանի: Շենքի մուտքի դիմաց տեղադրվել էին Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի՝ Սաղաթելյանի ղեկավարությամբ հրատարակված նյութերը, այդ թվում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տարբեր լեզուներով գրքեր եւ ֆիլմեր:





























