Mercedes-Benz-ը նախատեսում է կենտրոնանալ էլեկտրամոբիլների ստեղծման վրա, բայց դրա համար ընկերությունը ստիպված կլինի հրաժարվել հատուկ մոդելներից, առաջին հերթին` որոշ կուպեներից եւ կաբրիոլետներից, գրում է Motor-ը:
Mercedes-Benz-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկուս Շաֆերը Autocar-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը պլանավորում է «էական փոփոխություններ» անել մոդելային շարքում: «Անցյալ տարի մեր պորտֆելում մոդելների քանակը հասավ գրեթե 50-ի, իսկ այս տարի այն ավելի կավելանա՝ էլեկտրական մեքենաների EQ շարքի շնորհիվ: Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ սահմանափակումներ հետազոտության եւ զարգացման առումով»,- ասել է նա: Այնպես որ, չնայած SLC, S-Class Coupe եւ S-Class Convertible մոդելներն արդեն թոշակի են ուղարկվել, «էլեկտրական» շարքը ընդլայնելու համար անհրաժեշտ կլինի հետագա օպտիմալացում:
Հնարավոր կրճատման հաջորդ թեկնածուներն են Mercedes-Benz-ի մյուս երկդռնանի մոդելները: Որոշ կուպեներ եւ կաբրիոլետներ, ըստ Շաֆերի, վաճառվում են այնքան քիչ քանակով, որ ավելի խելամիտ կլինի հետազոտության եւ զարգացման ջանքերը վերաուղղել ավելի հեռանկարային եւ արդյունավետ մոդելների: Վարկանշային առումով ընկերությունը չի նախատեսում ամբողջովին հրաժարվել երկդռնանիներից, բայց հիմնական ուշադրությունը կդարձվի էլեկտրական մեքենաների վրա, ասել է թոփ-մենեջերը: Թերեւս սա է պատճառը, որ նոր սերնդի C-Class շարքն այլեւս չի ունենա կուպե եւ կաբրիոլետ:




























