Իշխանության կողմից ընտրական գործընթացների լոբբինգը կեղծ օրակարգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը մնում է օրակարգում եւ դա միակ ուղին է, որը թույլ կտա երկիրը դուրս բերել ճգնաժամից:
Քաղաքական գործիչը նշեց նաեւ, որ քննարկումներ կանցկացվեն նաեւ «Բարգավաճ Հայաստանի» հետ, սակայն վարչապետի եւ կուսակցության առաջնորդի հանդիպումից հետո, որը դեռ չի կայացել:
Մարուքյանը հայտարարեց, որ իր տվյալներով՝ ՀՀ իշխանությունը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, քանի որ իշխող ուժի ներսում լուրջ խնդիրներ են առաջացել:
«Մարդիկ, ովքեր պատահաբար են նախարար եւ պատգամավոր դարձել, դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մենք պատրաստ ենք ընտրություններին առանց որեւէ նախապայմանի եւ հունվարից առաջարկում ենք լուծարել խորհրդարանը, սակայն իշխող դաշինքը պետք է հուշագիր ստորագրի իր 88 պատգամավորների հետ: Կարող ենք ասել, որ իշխանության կողմից ընտրական գործընթացների լոբբինգը կեղծ օրակարգ է, եւ իշխանությունն իրականում մտադիր չէ ընտրություններ անցկացնել»,-ասաց Մարուքյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ներկայիս իշխանությունը պատրաստ չէ ընտրությունների եւ երկրում քաոսի եւ պետության ոչնչացման համար թիվ մեկ պատասխանատու վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
«Ամեն ինչին սահման կա, եւ նրանք անցել են բոլոր կարմիր գծերը: Ինչպես ընկավ Շուշին, այնպես էլ կընկնեն նրանք: Նրանք ձգձգում են ժամանակը, որպեսզի ոչնչացնեն նաեւ մեր պետականությունը»,-ասաց Մարուքյանը:





























