Արցախի ճանաչման հարցը կապված է այդ պահի նպատակահարմարության հետ. եթե այդ քայլը անելով չենք գժտվի մեր բոլոր բարեկամների հետ, չենք մնա միայնակ, պետք է անել: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Արցախի անկախության ճանաչումն օրակարգի հարց է, բայց դրա լուծումը կախված է քաղաքական պրագմատիզմի հետ, դա էմոցիոնալ ազգային հարց չէ»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանն անհրաժեշտություն համարեց ներգրավվել բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով. «Դրա համար եռանախագահների հետ ինչ-որ բաներ պետք է համաձայնեցնել: Այդտեղ մենք միայնակ չենք: Արցախի ճանաչումը հայրենասիրական քայլ չի, քաղաքական քայլ է, ուրեմն պետք է քաղաքական որոշումներ ընդունվեն՝ հաշվի առնելով հանգամանքները»:





























