Ճապոնական Honda ընկերությունը մշակել է սրահի օդի ֆիլտր, որը, ինչպես հաստատում են, ունակ է որսալ եւ ապաակտիվացնել վիրուսային մասնիկների գրեթե 100 տոկոսը, գրում է Motor-ը:

Նոր «հակակորոնավիրուսային» ֆիլտրը բաղկացած է նյութի չորս շերտերից՝ առաջին երկուսը օգտագործում են փոշին եւ ծաղկափոշին որսալու միկրոհյուսվածքներ, երրորդում կա ակտիվացված ածուխ՝ օդի հետագա ֆիլտրման համար եւ, վերջապես, չորրորդը օգտագործում է որոշակի մրգային էքստրակտ` վիրուսային մասնիկները որսալու համար: «Քանի որ հասարակությունն այժմ ավելի քան երբեւէ տեղեկացված է մարդու օրգանիզմի վրա COVID-19-ի նման վիրուսների ազդեցության հետեւանքների մասին, մենք ակնկալում ենք, որ այդպիսի ֆիլտրերի պահանջարկը արագ կաճի»,- ասում է Honda Access Europe NV-ի նախագահ Էյիթի Խինոն։

Ֆիլտրն արդեն հասանելի է եվրոպական շուկայում Honda-ի բոլոր ներկայիս մոդելներում` որպես սրահի ստանդարտ ֆիլտրին փոխարինելու տարբերակ: Բացի այդ, ընկերությունը հրապարակել է մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն կանխել ավտոմեքենայի ուղեւորների վարակվելը կորոնավիրուսով: Օրինակ՝ սրահի ֆիլտրը պետք է սովորականից հաճախ փոխել, ինչը միանգամայն տրամաբանական է, ինչպես նաեւ մեքենայի սրահը ավելի հաճախ օդափոխել՝ ապահովելով արտաքին օդի առավելագույն հոսք՝ «նոսրացնելու» համար վիրուսային այն մասնիկների կոնցենտրացիան, որոնք կարող են գտնվել ներսում: