Մարտի 15-ին կայացավ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի առցանց մեկնարկը, որին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար պրն Ռոմանոս Պետրոսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. պրն Միխայել Յոհաննես Բանցհաֆը: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
EU4SEVAN ծրագրի նպատակն է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման եւ կառավարման, ինչպես նաեւ կեղտաջրերի մաքրմանն ուղղված լուծումների ներդրման կարողությունների հզորացումը պետական եւ մասնավոր շահառուների շրջանում: Ծրագիրը նաեւ կաջակցի էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Նախատեսվում է բարձրացնել Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքներում: Հայաստանում Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման բաղադրիչը կիրականացվի ՄԱԶԾ-ի հետ համատեղ:
Միջոցառումը համախմբել էր EU4SEVAN ծրագիրը ֆինանսավորող եւ իրականացնող կառույցների, պետական եւ Գեղարքունիքի մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական եւ մասնավոր ոլորտների գործընկերներին եւ փորձագետներին, ինչպես նաեւ լրատվամիջոցներին՝ նշելու ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Նախարար Պետրոսյանը, դեսպան Վիկտորինը եւ դեսպան Բանցհաֆը ողջունեցին միջոցառման մասնակիցներին: Դեսպան Վիկտորինը ողջույնի իր խոսքում նշեց. «Թեեւ մեր ջանքերի առանցքում Հայաստանում COVID-19-ի եւ հետպատերազմյան ճգնաժամերի հաղթահարումն է, կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, ռեսուրսների անխնա օգտագործումը եւ աղտոտումը նույնպես կենսական եւ համաշխարհային արտակարգ իրավիճակներ են, որոնք ազդում են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի վրա եւ առավել արդիական են, քան երբեւէ: Հետեւաբար, ՀԸԳՀ-ի (CEPA) լիարժեք իրականացումը, Կայուն զարգացման 2030-ի օրակարգը, «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզի համաձայնագիրը եւ միջազգայնորեն համաձայնեցված կենսաբազմազանության բոլոր նպատակները շարունակում են կարեւոր մնալ` օգնելու Հայաստանին եւ համայն հայությանը ավելի լավ վերազինվել ընդդեմ ապագա համակարգային ցնցումների: Եվրոպայի «կանաչ գործարքը» եւ դրա կանաչ վերականգնման բաղադրիչը ԵՄ-Հայաստան եւ Արեւելյան գործընկերության օրակարգերի հիմնական գերակայություններն են: «Եվրամիությունը՝ Սեւանի համար» խորագրով նոր գործընկերությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս ԵՄ-Հայաստան խորին ներգրավվածությունը յուրօրինակ Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Եկե՛ք միասին հոգ տանենք Սեւանա լճի կայունության մասին»:
Նախարար Պետրոսյանն իր ողջույնի խոսքում պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը եւ միջոցառումներին` որպես ծրագրի հուսալի գործընկեր: ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան իր հերթին կարեւորեց ծրագրի արդիականությունը Սեւանա լճի բնապահպանական իրավիճակի ներկա փուլում եւ գործընկեր կառույցների բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը: Միջոցառման ընթացքում EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը ներկայացրեց Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրի նպատակները, խնդիրները եւ ակնկալվող արդյունքները:
Ի լրումն EU4SEVAN–ի հիմնական արդյունքներին, ծրագիրը նախապատրաստում է ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման գործողություններ Շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ-ի «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի հետ համատեղ: Այս գարնանը Գեղարքունիքի մի շարք գետերի ափամերձ գոտիներում շուրջ 600,000 ուռենիների կտրոններ եւ պտղատու ծառեր կտնկվեն, ինչպես նաեւ գետերի հուները եւ գետափերը կմաքրվեն թափոններից՝ ապահովելով ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետեւանքներից առավել տուժած 750 բնակչի կարճաժամկետ զբաղվածությունը:
ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքների չեզոքացման շրջանակներում EU4SEVAN ծրագիրը նախատեսում է նաեւ աջակցել տեղացի ֆերմերներին շուրջ 3 հա տարածքում մշակել կաղամբի նոր տեսակներ, ինչը, էկոհամակարգերի համար բարենպաստ մշակման արդյունքում, կսպառի երկու անգամ պակաս ջուր եւ կապահովի 2-3 անգամ ավելի եկամուտ:
Սեւանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում եւ քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաեւ Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարեւոր աղբյուրը։ Լճի վիճակն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի շրջակա միջավայրի եւ Հայաստանի տնտեսական ներուժի վրա։ Ծրագիրը կհիմնվի առկա ձեռքբերումների եւ պլանների վրա եւ կլրացնի ու կօժանդակի Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն (վերջնարդյունք) ուղղված գործողություններին։ Ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, իսկ իրականացման ժամանակաշրջան 48 ամիս (սեպտեմբեր 2020 – օգոստոս 2024):





























