Թուրքիայի պետնախարար Մեհմեդ Այդընը այցելել է Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցի եւ ծանոթացել սեպտեմբերի 12-ից առաջ իրականացվող աշխատանքներին:
Մայիսի 13-ին Թուրքիայի պետնախարար Մեհմեդ Այդընը, Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն եւ այլ պաշտոնյաներ այցելել են Վանի Ախթամարի Ս. Խաչ եկեղեցի: Թուրք պետնախարարը նշել է, որ սեպտեմբերի 12-ին, երբ Ս. Խաչը կբացվի կրոնական արարողությունների համար, իրենք նախատեսում են Վանում ընդունել 5 հազար հայերի: «Անհրաժեշտություն չկա նշելու, որ Ախթամարը հայերի համար կարեւոր մի վայր է: Սակայն մենք էլ մեր հերթին չպետք է օտարի աչքով նայենք այս հողերում այլ ազգերի կողմից ստեղծված մշակույթային արժեքներին»,- նշել է պետնախարարը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Ախթամարի Ս. Խաչում տեղի կունենա առաջին պատարագը` նվիրված Վարագա Սուրբ Խաչի տոնին: Սակայն եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու համար թուրքական իշխանությունները դեռեւս չեն տվել իրենց համաձայնությունը: Վանի նահանգապետը հայտնել էր, որ այդ խնդիրը քննարկման փուլում է:



























