Գերմանական ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել 25 քաղաքներում՝ կապված փողերի լվացման ցանցի հետ, որը, ինչպես հաղորդվում է, անօրինական ճանապարհով ստացված եկամուտները արտասահման է տեղափոխել, փոխանցել է AP-ն:
Դյուսելդորֆի ոստիկանությունը հայտնել է, որ ռեյդերին մասնակցել է ավելի քան 1000 սպա, եւ դրանք անցկացվել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Ստորին Սաքսոնիա եւ Բրեմեն նահանգներում. ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ 39-ամյա մի սիրիացի, որը մեղադրվում է սիրիական ծայրահեղական խմբավորմանը անդամակցության մեջ:
Դյուսելդորֆի ոստիկանությունը հայտարարել է, որ 2016 թվականից լվացված փողերը ստացվել են տարբեր աղբյուրներից՝ ներառյալ հանցավոր գործողություններից, ինչպիսիք են զինված կողոպուտը եւ շորթումը: «Նախնական գնահատականներով՝ ուսումնասիրությունների ընթացքում գործարքների ծավալը կազմել է մոտ 140 մլն եվրո», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Գերմանական WDR հեռուստաընկերությունը հայտնել է, որ լվացված փողերը ներառում են թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված միջոցներ, եւ դրանց մի մասն առնվազն ուղարկվել է Թուրքիա եւ Սիրիա, որտեղ դրանք կարող են օգտագործվել զինյալների ֆինանսավորման համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները մեղադրվում են նաեւ ապօրինի նպաստներ ստանալու մեջ: Սպաներն առգրավել են ավելի քան 2 մլն եվրո արժողությամբ շքեղ ավտոմեքենաներ, ոսկի, թանկարժեք զարդեր եւ ժամացույցներ:





























