Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը հայտարարել է, թե առանց քաղաքականությունը եւ բիզնեսը իրար խառնելու, անհրաժեշտ է շուտափույթ բացել Հայաստանի հետ սահմանը:

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ` Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն կազմակերպված մամուլի ասուլիսին ներկայացրել է Հայաստան կատարած այցից եւ մայիսի 14-15-ը Երեւանում կազմակերպված միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսից ստացած տպավորությունները` նշելով, որ իրենց 40 հոգանոց խումբը Վանից Երեւան մեկնած գործարարների առաջին խումբն էր: «Շատ լավ էր, որ Հայաստան գնացինք եւ տեսանք, որ սահմանի փակ լինելու պատճառով 2,5 ժամվա փոխարեն 18 ժամ ճանապարհին անցկացրեցինք: Նախկինում տեղի ունեցածները մեզ չեն հետաքրքրում, քանի որ մենք գործարարներ ենք, եւ մեզ հետաքրքրում է՝ ինչպես ենք առեւտուր անելու, գումար աշխատելու, զբոսաշրջությունը զարգացնելու: Մենք Հայաստանում դրա մասին ենք անընդհատ խոսել: Իգդիրի սահմանի բացվելուց հետո Թուրքիայի արեւելյան շրջանում զբոսաշրջության զարգացման համար որեւէ խոչընդոտ չի լինի: Հայաստանում լուրջ շուկա կա: Իգդիրի սահմանի բացումը մեզ համար շատ կարեւոր է»,- նշել է Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն:

Նշենք, որ Երեւանի եւ Վանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ մայիսի 13-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել: