Եթեր կամ արփի

Եթերի գաղափարը բազմահազարամյա պատմություն ունի։ Դրա մասին հիշատակումներ կան հույն փիլիսոփաներ Էմպեդոկլեսի, Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում, որոնցում «եթեր» ասելով հասկանում էին օդի վերին շերտերը։ Եթերը նախկինում մեկնաբանվում էր նաև որպես հիպոթետիկ ամենաթափանց միջավայր, որի տատանումները արտահայտվում են էլեկտրամագնիսական ալիքների տեսքով։ Եթերը դիտարկվում էր նաև որպես նյուտոնյան բացարձակ տարածության անալոգ։

Հայկական քաղաքակրթությունում եթերի հասկացությունը մոտավորապես վերոնշյալ և այլ սակրալ հատկություններով կոչվել է «արփի» բառով (տես Աճառյանի բացատրական բառարան), որն, ինչպես հայտնի է, հայերեն նշանակում է արև։ Եթերի/արփիի տարբեր հատկությունների նկարագրությանը մենք հանդիպում ենք «Սասունցի Դավիթ» էպոսում, որը սերում է հայկական քաղաքակրթության հնագույն ժամանակներից՝ Արատտայից և Շումերից, երբ հին հունական փիլիսոփայական դպրոցները դեռևս գոյություն չունեին, ասում է մեր հայրենակից, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը։

Մայկելսոն-Մորլիի 1905 թվականի հայտնի փորձերից և Էյնշտեյնի մասնավոր հարաբերականության տեսության ստեղծումից հետո «եթեր» բառը դուրս մնաց գիտնականների բառապաշարից՝ տեղափոխվելով հեռահաղորդակցական ոլորտ։ Սակայն քվանտային ֆիզիկայի, մասնավորապես, դաշտի քվանտային տեսության զարգացմանը համընթաց գիտնականների բառապաշարի մեջ մտան այլ ոչ նվազ «եթերային» հասկացություններ՝ «քվանտային վակուում», «մութ մատերիա», «մութ էներգիա»՝ որոնք անհնար է «տեսնել» զննման մեզ հասանելի ուղիղ մեթոդներով, սակայն դրանք անհրաժեշտ են բնության մեջ դիտվող շատ երևույթներ հասկանալու համար։

Աշոտ Գևորգյանը համոզված է, որ գիտնականները շտապել են, խաչ քաշելով «եթեր» հասկացության վրա։ Նա համարում է, որ «քվանտային վակուումը» հենց այդ «եթերն» է, որը, ինչպես նա տեսականորեն ապացուցել է, զրոյական սպինով անզանգված բոզե մասնիկներից բաղկացած սկալյար դաշտ է։ Այդ զրոյական սպինով բոզե մանիկներն իրենց հերթին առաջանում են հակադիր, -1 ու +1, սպինների պրոյեկցիաներով երկու անզանգված վեկտորային բոզոնների քվանտային խճճումից, որոնք նա անվանել է հայոն (hion)։ Գիտնականի այդ թեմային նվիրված հոդվածը տպագրվել է հեղինակավոր Particles  ամսագրում։

Մութ էներգիա

Պլանկ տիեզերական աստղադիտարանի 2013 թվականին հրապարակած տվյալների համաձայն, Լյամբդա- CDM ստանդարտ տիեզերաբանական մոդելի շրջանակում, Տիեզերքի ընդհանուր զանգված-էներգիայի 4,9 տոկոսը կազմում է սովորական (բարիոնային) մատերիան, 26,8 տոկոսը՝ մութ մատերիան, և 68,3 տոկոսը՝ մութ էներգիան։ Այլ կերպ ասած, Տիեզերքը 95,1 տոկոսով բաղկացած է մութ մատերիայից և մութ էներգիայից», - ասում է նա։ Աշոտ Գևորգյանը, ինչպես և մի շարք հայտնի գիտնականներ, համարում է, որ տարածաժամանակը կազմում է մութ էներգիան, և, համապատասխանաբար, այնտեղ, որտեղ չկա մութ էներգիա, այնտեղ չկա ոչինչ։

Ըստ գիտնականի, քվանտային վակուումն օժտված է մոտավորապես նույն հատկություններով, ինչ և սովորական վակուումը, այսինքն, քվանտային վակուումում բոլոր ֆիզիկական մեծությունների միջինները հավասար են զրոյի։ «Բայց նույնիսկ դա չի նշանակում, թե քվանտային վակուումը՝ լիակատար դատարկություն է։ Այդ վակուումը օժտված է չափազանց մեծ էներգիայով։ Քվանտային վակուումն արտասովոր միջավայր է, որում ծնվում և մահանում են տարրական մասնիկները՝ աղյուսները, որոնցից կառուցված են Տիեզերքի տեսանելի օբյեկտները», - ասում է գիտնականը։

Ինչի՞ մասին է խոսքն առհասարակ

Լսում եմ Աշոտ Գևորգյանին, և ինձ անընդհատ չի լքում այն միտքը, թե ես ինչպես պիտի ներկայացնեմ ողջ այդ գերբարդ քվանտային ֆիզիկան ոչ մասնագետներին հասանելի լեզվով։ Սա է իմ հիմնական խնդիրը՝ հասկանալի բառերով պատմել այն մասին, թե կոնկրետ ինչով են զբաղվում մեր գիտնականները, և ցույց տալ, որ նրանք աշխատում են գիտության ամենառաջատար հատվածում։ Ահավասիկ, Աշոտ Գևորգյանը կոնկրետ զբաղվում է նրանով, որ կառուցում է Տիեզերքի՝ մեզ համար  «անտեսանելի»  և «անշոշափելի» մասի տեսական մոդելը։ Բայց պետք չէ մտածել, թե դա պարզապես մտավարժանք է, որը չունի կիրառական նշանակություն։ Բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները սկսվել են այդպիսի վարժանքից։ Դե, և Հիգսի բոզոնը, որն այսօր ամենքի ականջին է, սկզբում տեսականորեն է նկարագրվել, իսկ հետո հայտնաբերվել է փորձնականորեն։

«Հայոն» բոզե մասնիկը

Եվ այսպես, Աշոտ Գևորգյանն ասում է, որ վիճակագրական հավասարակշռության սահմանում էլեկտրաթույլ փոխազդեցությունը ներառող համաչափության (SU(2)xU(1) համաչափության խումբ) շրջանակում Յանգ-Միլսի հավասարման ստոխաստիկ ընդարձակումը ունի կայուն լուծում, որը և է 1 սպինով հայոն կոչվող բոզե մասնիկը։

«Այդ մասնիկը ինչ-որ իմաստով նման է ֆոտոնին։ Բայց այն կարիք չունի ֆոտոնի նման լույսի արագությամբ շարժվելու, այն կարող է լինել դադարի վիճակում։ Հայոնն ունի կառուցվածք և բնութագրվում է երեք քվանտային թվերով», -ասում է գիտնականը։

Տիեզերքի ողջ բազմազանությունը, բոլոր զանգված ունեցող մասնիկները սերում են այդ մասնիկից, որն օժտված է էներգիայով, բայց չունի զանգված։ Տեղի է ունենում հայոնի ինքնաբերական անցում դեպի «զանգվածային մակերես», ինչի հետևանքով ծնվում են զանգվածով մասնիկներն ու հակամասնիկները։

Արարիչը

Բայց ամենակարևորն այն է, որ հայոնները, քվանտային խճճվելով, Բոզե-Էյնշտեյնյան գազի պես կոնդենսացվում են, կազմելով սկալյար դաշտ, իսկ այդ սկալյար դաշտը ոչ այլ ինչ է, քան բնական, շատ բարդ տրամաբանությամբ քվանտային ռեգիստր, այսինքն՝ քվանտային համակարգիչ։ 

«Այն ինչ-որ մենք գիտենք, տարրական մասնիկները, իրենց հատկությունները, այս բոլորը պայմանավորված են այսպես ասած եթերի քվինտեսենցիայի կամ մութ էներգիայի հատկություններով։ Մութ էներգիան լցնում է ամբողջ Տիեզերքը», - ասում է նա, հավելելով, որ քանի որ մութ էներգիան չունի զանգված և լիցք, ապա Տիեզերքի «համակարգչում» գրված ինֆորմացիան ջնջելը, ըստ էության, անհնար է։ Մենք չենք կարող ոչնչով ազդել այդ համակարգչի վրա, կամ ազդելու համար անհրաժեշտ է տիեզերական էներգիա։

Հնարավոր է, ենթադրում է գիտնականը, դա որոշ մարդկանց էքստրասենսորային ունակությունների, պայծառատեսության գիտական բացատրությունն է։ Հնարավոր է, նրանց գիտակցությունը կարող է թափանցել քվանտային համակարգչի մեջ և վերցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես օրինակ դա անում էր հանճարեղ հնդիկ մաթեմատիկոս Սրինիվասա Ռամանուջան Այենգորը։ «Այդ համակարգիչը օժտված է շատ հուժկու էներգիայով և հիշողությամբ։ Կարծում եմ, դա հենց Արարիչն է», - ասում է նա։

Աշոտ Գևորգյանը գործընկերների հետ գիտափորձ է կատարել հայոնների հայտնաբեման համար, և, ըստ նրա, հաջողվել է անուղղակի ձևով նկատել այդ մասնիկը տեսանելի լույսի տիրույթում։ Այժմ գիտնականները պատրաստվում են կրկնել փորձն առավել բարձր ճշգրտությամբ, և փորձել չափել «հայոն» անզանգված բոզե մասնիկի չափերը նկարագրող հաստատունները և երկու հայոնների խճճված կազմության՝ Տիեզերական քվանտային համակարգչի էլեմենտների կյանքի միջին տևողությունը։ 

Ըստ ֆիզիկոսի, Երկրի երեսին տեխնոլոգիաների հետագա զարգացումը կախված կլինի անզանգված միջավայրի, կամ քվինտէսենցիա/ մութ էներգիայի մասին մեր գիտելիքների մակարդակից։ «Ներազդելով մութ էներգիայի վեկտորային կոմպոնենտի վրա մենք կարող ենք կառուցել տարածաժամանակը, այսինքն, փոխել իրականությունը, փոխելով ատոմի, միջուկի հատկությունները, և ստանալ մաքուր, էկոլոգիայի վրա չազդող էներգիայի նոր աղբյուրներ։ Մենք մուտք ենք գործել մի դարաշրջան, երբ պետք են ամբողջական գիտելիքներ, որոնք կփոխեն գիտության բոլոր բնագավառները, ներառելով հումանիտարները, քանզի արդիականանում է փիլիսոփայական հարցը՝ ովքեր ենք մենք, մարդիկ, և որն է մեր առաքելությունը», - ասում է նա։

Ավելի հողեղեն բաների մասին

Զրուցում ենք ավելի հողեղեն բաների մասին ևս, մասնավորապես, Հայաստանում գիտության ընդհանուր վիճակի մասին։ Ըստ Աշոտ Գևորգյանի, այդ ոլորտը գտնվում է շատ ծանր վիճակում , քանզի , «մենք գործ ունենք չվերահսկվող, արտաքին ոչ գիտական դիրեկտիվներով շարժվող ոլորտի հետ, որը քաղաքական իշխանություններն անընդհատ ձևափոխել, ձևախախտել են, իրենց մարդկանց են մտցրել գիտության վերնախավի մեջ»։

«Եվ ամենաողբերգականը, մենք ունենք ղեկավարություն, որը չի գիտակցում գիտության ռազմավարական կարևորությունը երկրի և հասարակության զարգացման համար։ Գոյություն չունի երկիր, որն ունի լավ գիտություն, բայց կյանքն այդ երկրում անբարեկեցիկ է, և, հակառակը, գոյություն ունեն ընդերքով հարուստ շատ երկրներ, որտեղ գիտություն չկա, և կյանքը շատ անբարեկեցիկ է», - պնդում է Աշոտ Գևորգյանը։

Ըստ նրա, հայերի մեծ մասը շեղվել է ճիշտ ճանապարհից՝ փողը, շահը, նյութական բարեկեցությունն ու ապահովվածությունը դարձնելով կուռք, և դրանով իսկ օլիգարխներին և գանձագող-չինովնիկներին դարձնելով մեր ժամանակների հերոսը։  «Մենք քաղաքակրթական մակաբույծ ենք դարձել, և մեր բոլոր դժվարություններն այսօր խորը արմատ ունեն՝ մենք շեղվել ենք մեր իսկական կոչումից», - ասում է նա։

Գիտնականը կարծում է, որ Հայաստանի զարգացման ռեալ աղբյուր կարող է դառնալ բնակիչների բարոյականացումը, կրթվելը և գիտությունը։ «Զարգանալու ուրիշ տարբերակ չկա։ Եթե մենք լիովին տրվենք այդ ոլորտին, մեր համալսարաններն ու Ակադեմիան գիշեր–ցերեկ եռան ստեղծագործական աշխատանքով, մենք տեսանելի ապագայում առանց դժվարության կվերադարձնենք պատմական Հայաստանը։ Չնայած դավաճանական ղեկավարությանը և պատերազմում խայտառակ պարտությանը՝ մենք դեռ հաղթելու ենք, և մենք ունենք դրա համար ամենակարևորը՝ այն թաքնված արարչական և նորարական որակները, որ մենք դեռ պետք է վերհանենք։ Եթե աշխարհում կա 5 արարիչ ազգ, ապա դրանցից մեկը, անկասկած, մենք հայերս ենք», - ասում է գիտնականը։