Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ` «Թամարա ֆրուտ» ՓԲԸ օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ն մեկն է այն մասնավոր ընկերություններից, որին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում օպերատիվ շտաբի շնորհիվ հատկացվել է 300 մլն դրամ սուբսիդիա` օրգանիկ այգիների ստեղծման համար։ Դրանից արդեն ծախսվել է մոտ 170 մլն. դրամ։
Ծրագրով նախատեսվել է ընկերության արտադրական եւ այգեգործական բազայի հիման վրա ձեւավորել ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղարջի բարձր բերքատու օրգանիկ տնկարան, որը երկու տարվա ընթացքում կապահովի 450 հազար տնկի։ Դրանք կբավարարեն ծրագրով նախատեսված ոչ միայն 60, այլեւ 65-70 հա այգիների ստեղծման համար։ Սա ենթադրում է, որ մինչ ծրագրի ավարտը հանրապետությունում կստեղծվի շուրջ 600 աշխատատեղ։
Ծրագրի մեկնարկից հետո, 2009 թ.-ի ընթացքում շուրջ 20 հա տարածքով օրգանիկ այգիներ են ստեղծվել Վայոց ձորի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ազատամուտ համայնքի օրգանիկ այգի, շրջել այնտեղ, ծանոթացել պայմաններին եւ ձեռքբերումներին։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ բոլոր մարզպետները գյուղատնտեսության նախարարություն ներկայացնեն գյուղացիական տնտեսությամբ զբաղվող այգեգործների ցանկը, որպեսզի բացահայտվի օրգանիկ տնտեսությամբ զբաղվող գյուղացիների իրական ներուժը` հետագայում օրգանիկ գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացնելու համար։
Ազատամուտում կառավարության ղեկավարը եղել է նաեւ կաթի մթերման կայանում եւ ծխախոտի չորանոցներում։
Այնուհետեւ վարչապետն այցելել է Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» ընկերությանը պատկանող տուրիստական կենտրոն, որը ոչ միայն զբոսաշրջությունն է խթանել մարզում, այլեւ ստեղծել է նոր աշխատատեղեր։


























