Եվրատեսիլ 2010-ի երկրորդ կիսաեզրափակչի փորձերի արդյունքներով ֆավորիտները փոխվել են։ Մրցույթի սկսվելուց շատ առաջ երկրորդ կիսաեզրափակչի ֆավորիտ էր ադրբեջանցի Սաֆուրան։ Այդպես էին կարծում թե բուքմեյքերները, եւ թե երկրպագուները։ Սակայն լրագրողների վարկանիշում Սաֆուրան ի սկզբանե զբաղեցնում էր հինգերորդ տեղը՝ զիջելով Թուրքիային, Իսրայելին, Հայաստանին եւ Շվեդիային, հայտնում է Vesti.ru-ն։

Գլխավոր փորձերից հետո իրավիճակը փոխվել է։ Լրագրողները խոստովանում են, որ Սաֆուրան բեմում իրեն բավական կաշկանդված է զգում, իսկ նրա շարժումները վատ են պարապված եւ արհեստական են դիտվում։ Ինքը՝ երգչուհին, ասում է, որ խնայում է իրեն, որպեսզի ամբողջ ուժով հանդես գա կիսաեզրափակչի ժամանակ։ Չնայած այս ամենին՝ լրագրողները նրան չորրորդ տեղն են տվել։ Հինգերորդ տեղում այժմ Շվեդիան է։ Առաջատարների եռյակում լրագրողները եւ բուքմեյքերներն առաջին տեղը տալիս են Թուրքիային, երկրորդն՝ Իսրայելին, երրորդը՝ Հայաստանին։

Մրցույթի անսպասելի ֆավորիտ է դարձել Դանիան։ Ոմանք վստահ են, որ հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Կոպենհագենում։