Երեկ գիշեր Օսլոյում «Եվրատեսիլ-2010» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը անցել է եզրափակիչ փուլ: Բացի Հայաստանի ներկայացուցչից, եզրափակիչ են անցել նաեւ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Իռլանդիան, Կիպրոսը, Ռումինիան, Դանիան եւ Իսրայելը ներկայացնող երգիչները:
Եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցները հանդիպել են լրագրողներին, որի ընթացքում Եվա Ռիվասը շնորհավորել է եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներին։ Երկրպագուներից մեկը Եվային ծիրանի կորիզի պատկերով շապիկ է նվիրել, որը երգչուհին անմիջապես հագել է։ Եվան խոստովանել է, որ իր զգացողությամբ եզրափակիչում իրենց բոլորին իսկական ճակատամարտ է սպասում։
Ասուլիսից հետո վիճակահանություն է կայացել. Եվա Ռիվասը ելույթ կունենա 21-րդը։ Առաջինը ելույթ կունենա Ադրբեջանի ներկայացուցիչը, Վրաստանն ու Թուրքիան՝ համապատասխանաբար, 13-րդ ու 14-րդը, իսկ Ռուսաստանը հանդես կգա Եվա Ռիվասից անմիջապես առաջ՝ 20 համարի ներքո։ Վերջին ելույթը կունենա Դանիայի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2010-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:


























