ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը չի հավատում, որ Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի ենթակայության ներքո: Այս մասին նա հայտնել է news.km.ru կայքէջին տված հարցազրույցում: «Ադրբեջանի իշխանությունները արգելեցին իրենց երկրի տարածք ՌԴ Պետդումայի հինգ պատգամավորների մուտքը, որոնք հետեւել էին ԼՂ խորհրդարանական ընտրություններին, այդ թվում եւ Ձեր խոնհար ծառային: Գիտեք, իմ մուտքն արգելված է նաեւ Ուկրաինայում: Կարող եմ ասել, որ դա միայն ինձ ավելի հանրաճանաչությունն բերեց այդ երկրում, այնպես որ Կիեւում նոր իշխանությունների գալուց հետո „պերսոնա նոն գրատա“-ն իմ վրայից հանվեց: Իհարկե, Ադրբեջանում իրավիճակը հայելային չէ, բայց ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ ես երբեք առանձնապես չեմ էլ ձգտել Ադրբեջան գնալ: Այս ողջ ընթացքում` սկսած 1991-ից, ես այնտեղ եղել եմ ընդամենը մեկ անգամ` Ադրբեջանի տարածքում Ռուս հայրենակիցների միջազգային խորհրդի հանդիպման անցկացման կապակցությամբ»,-ասել է նա:

Զատուլինը նկատել է, որ հանգիստ ու հարգանքով է վերաբերում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ պետք է Հայաստան կամ ԼՂ գնալու համար խնդրեմ այդ երկրի ԱԳՆ-ի թույլատվությունը: «Կարծում եմ, դա ցնդաբանական որոշում էր, որը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի նյարդերն ուղղակի տեղի են տալի: Եվ դա վատ է, քանի որ Կովկասում ցանկացած խնդիր պահանջում է համբերատարություն, ղարաբաղյան խնդիրը` հատկապես»,-ասել է նա::

«Ես չեմ հավատում, որ Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի իրավասության ներքո: Դա հնարավոր է միայն Ղարաբաղի ու Հայաստանի պարտության դեպքում, պատերազմ, որ ես ոչ ոքին խորհուրդ չէի տա սկսել: Ինձ համար ակնհայտ է, որ ԼՂ խնդրի լուծման հնարավորություն առկա է: Կարծում եմ, որ Ադրբեջանի այժմյան էմոցիաների բռնկումը կապված է այն բանի հետ, որ այստեղ զգացմունքները սրված են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Դրա հետ կապված Ադրբեջանում սկսել են բուռն կերպով քննարկել Ղարաբաղի հարցը, որպեսզի խոչընդոտեն հայ-թուրքական մերձեցումը»,-նշել է Զատուլինը:

Անդրադառնալով ան փաստին, որ բազմաթիվ երկրներ հայտարարել են, թե չեն ճանաչում ԼՂ ընտրությունները, ռուս պատգամավորն ասել է. «Ղարաբաղն այս վիճակով ապրում է արդեն 16 տարի, որի ընթացքում մի ողջ սերունդ է մեծացել: Եթե մենք անընդհատ հայտարարենք, որ չենք ճանաչում Ղարաբաղն ու այնտեղ անցկացվող ընտրությունները, ապա խնդրի կարգավորումը չի մոտենա: Կարծում եմ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի համար /ու ոչ միայն/ ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղում լիներ բռնապետական ռեժիմ: Այդ ժամանակ նրանք առավոտից երեկո կպատմեին այն մասին, թե ինչպիսի ժողովրդավարություն կա Ադրբեջանում, եւ ինչպիսի տոտոլիտարություն ու դիկտատուրա ԼՂ-ում: Հիմա նրանք այդ հնարավորությունից զրկված են»: