Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Օբամա-Մեդվեդեւ հանդիպումից հետո սպասվող նոր ռուս-վրացական պատերազմի վտանգը չեզոքացվել է։ «Georgia Times»-ը հաղորդում է, որ այս մասին երեկ երեկոյան կայացած Ազգային անվտանգության խորհուրդի նիստում ասել է Վրաստանի նախագահը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների մոսկովյան հանդիպումը։

Սահակաշվիլին կարծում է, որ մինչ այդ հանդիպումը՝ Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի վտանգ էր սպառնում իրենց, սակայն Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ ԱՄՆ նախագահի, ինչպես նաեւ ողջ ժողովրդավարական միջազգային հանրության աջակցությունը կանխեց դա։

Վրաստանի նախագահի կարծիքով, Ռուսաստանը փորձում էր վերադարձնել իր վերահսկողությունը Վրաստանի նկատմամբ երկու ճանապարհով՝ երկրի ներսում անկարգություններ կազմակերպելով եւ միջազգային ասպարեզում քաղաքական սպեկուլյացիաներով։ Ըստ Սահակաշվիլու, հենց այդ նպատակով է Ռուսաստանը ակտիվորեն հովանավորում Վրաստանի տարբեր քաղաքական ուժերի, իսկ միջազգային ասպարեզում փորձում ստանալ Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը տարբեր գործարքների, այդ թվում եւ Աֆղանստանի կամ միջուկային զենքի կրճատման հարցերում փոխզիջումների ճանապարհով։

Սահակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը օգոստոսյան պատերազմի հետեւանքով տարածքներ է կորցրել, սակայն այդ կորուստը չի համեմատվի Ռուսաստանի կորուստների հետ, որի այդ իրադարձություններից հետո համաշխարհային թատերաբեմում մի շարք լուրջ բարդությունների առաջ կանգնեց։