Եվրատլանտյան տարածաշրջանը վերջին սերունդների ամենանշանակալի հակամարտության շեմին է։ Ռուսաստանը սպառնում է Ուկրաինայի սահմաններին ռազմական հզորության ավելացմամբ, իսկ Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն ի պատասխան ուժեղացնում են պաշտպանությունը: Քանի որ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի պահանջները դիտարկվում են որպես անիրատեսական, իսկ ՆԱՏՕ-ի պատասխանները Մոսկվայի կողմից դիտարկվում են որպես ոչ ադեկվատ, այժմ առաջնորդները, ինչպես ժամանակին Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ նախագահ Ջոն Քենեդուն նախազգուշացրել էր Նիկիտա Խրուշչովը, կարող են պատերազմի հանգույցն այնքան ամուր ձգել, որ հետո ուժ չունենան այն քանդելու համար։ Այս մասին The Hill-ի համար իրենց հոդվածում գրել են Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսման-կրտսերը, ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Ջ. Մոնիզը եւ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Սեմ Նանը, ովքեր Միջուկային սպառնալիքի կանխարգելման նախաձեռնության տնօրենների խորհրդի անդամ են։
«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա միայն պարտվողներ կլինեն։ Առաջին հերթին՝ ուկրաինացիները։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ նախագահ Բայդենն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները հստակ հասկացրել են, որ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց տեղում չեն պաշտպանելու Ուկրաինային:
Ինքը Ռուսաստանը, չի խուսափի ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ ցավից։ Ներխուժումը կխաթարի, այլ ոչ թե առաջ կմղի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած նպատակները՝ «հարվածային սպառազինության համակարգերը» ու ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները Ռուսաստանի սահմաններից հեռացնելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումներին վերջ դնելու մասին: Ուկրաինայի ցանկացած երկարատեւ օկուպացիա կուղեկցվի երկարատեւ եւ թանկարժեք ապստամբությամբ։ Ռուսաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ Արեւմուտքի խոստացած պատժամիջոցները շատ ավելի մեծ վնաս կհասցնեն Ռուսաստանի քաղաքացիներին ու ղեկավարներին, քան 2014թ. պատժամիջոցները։
Արեւմուտքը նույնպես վնասից չի խուսափի։ Ռուսաստանի տնտեսությունը շատ ավելի ինտեգրված է համաշխարհային տնտեսությանը, քան, օրինակ, Հյուսիսային Կորեայինը կամ Իրանինը, հետեւաբար, պատժամիջոցները կարող են խայթել երկու կողմերին էլ։ Համաշխարհային տնտեսությանը եւ էներգամատակարարման համակարգին սպառնացող վտանգը իրական է, հատկապես բարդ հետհամավարակային տնտեսական վերականգնման պայմաններում։
Այս լարված իրավիճակում ցանկացած բախում կարող է ավելի մեծ հրդեհ առաջացնել։ Վթարի, սխալ հաշվարկի կամ աղետալի որոշման վտանգը հատկապես սպառնալի է դառնում, երբ ամենամեծ միջուկային զինանոցներ ունեցող երկու երկրները հակառակ կողմերում են գտնվում։
Բոլորը շահագրգռված են իրավիճակը լիցքաթափելու մեջ։ Հրատապ խնդիրը քաղաքական երկխոսության գործընթաց կառուցելն է, դա թույլ կտա բոլոր կողմերին դադարեցնել պարանի ծայրերի ձգելը եւ դիվանագիտության համար տարածք ստեղծել՝ եվրաատլանտյան, ներառյալ Ռուսաստանի, անվտանգության ճարտարապետությունը վերականգնելու եւ ամրապնդելու համար:
Թեեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Ռուսաստանին վետոյի իրավունք չի տրվի, բոլոր կողմերը պետք է ժամանակ եւ տարածք ունենան կառուցողական բանակցությունների համար։ Նախագահ Բայդենն ասել է, թե «քիչ է հավանականությունը, որ մոտ ապագայում Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»՝ խոստովանելով, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ անհրաժեշտ կոնսենսուսը շուտ չի լինի:
Այս ամենը ցույց է տալիս, որ երկար ժամանակ է հարկավոր աշինքին Ուկրաինայի անդամակցության համար, այնպես որ՝ դիվանագիտության համար ժամանակ ու տեղ կա: Այս պատերազմի ողբերգությունը, որից կարելի է խուսափել, աններելի կլինի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների աչքում։ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համար վտանգված հիմնական քաղաքական սկզբունքները լուծելու համար ժամանակ կպահանջվի։ Դիվանագիտական ճանապարհը դժվար կլինի, բայց կան կարեւոր կետեր, որոնցից կարելի է սկսել։
ՆԱՏՕ-ի հետ Մոսկվայի առաջարկած համաձայնագրում շարադրված շատ հարցեր արտացոլվել են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պատասխաններում: Երկու կողմերն էլ ձգտում են արգելել ցամաքային, փոքր եւ միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայում:
Երկուսն էլ մտահոգություն են հայտնում ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի, ինչպես նաեւ միմյանց սահմանների մոտ ռազմական ակտիվության եւ զորավարժությունների վերաբերյալ։ Այս ընդհանուր մտահոգությունները միասին մատնանշում են դեպի գործնական օրակարգ տանող ուղին՝ նույնիսկ տեւական քաղաքական տարաձայնությունների պայմաններու ներկայիս ճգնաժամը թուլացնելու եւ ապագա հակամարտությունների հավանականությունը նվազեցնելու համար: Այս օրակարգը կարող է ներառել՝
• Եվրատլանտյան անվտանգության շուրջ երկխոսության վերսկսում եւ պահպանում՝ ներկա ճգնաժամը հաղթահարելու եւ բոլոր կողմերի անվտանգության համընդհանուր խնդիրների լուծման մեկնարկի համար,
• Ուրալից դեպի արեւմուտք ցամաքային, փոքր եւ միջին հեռահարության հրթիռներ չտեղակայելու համաձայնություն՝ ստուգման խիստ միջոցներով,
• Սպառազինությունների վերահսկման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վերսկսում` կապված Եվրոպայում սովորական զիված ուժերի տեղակայման հետ, մասնավորապես` միջազգային սահմաններին մոտ տեղակայված ուժերի,
• Ռազմական գործողությունների եւ վարժանքների թափանցիկության բարձրացում, այդ թվում՝ ԵԱՀԿ բոլոր անդամների, ներառյալ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից համաձայնեցված դրույթների ուժեղացում, որը պահանջում է նախնական ծանուցում եւ որոշակի շեմը գերազանցող զորավարժությունների դիտարկում,
• Ռազմավարական հարցերի շուրջ ամերիկա-ռուսական քննարկումների ակտիվացում, ներառյալ աշխատանքը միջուկային սպառազինությունների կրճատման մասին հետագա համաձայնագրի շուրջ, որը պետք է կնքվի մինչեւ ՌՀՍՊ-ի գործողության ժամկետի ավարտը,
• Խնդրի լուծում եւ, հնարավոր է, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ոչ ռազմավարական միջուկային զենքերը Ուրալից արեւմուտք ստուգելու հնարավորությամբ դուրսբերում՝ միջուկային ռիսկը նվազեցնելու եւ Եվրատլանտյան տարածաշրջանի ղեկավարների որոշումների կայացման ժամանակը մեծացնելու համար:
Այս քայլերն իրենցից ներկայացնում են ավելի ամուր խաղաղության սկիզբ, ոչ թե վերջ: Կարճաժամկետ քայլերի դեպքում առաջընթացը կարող է օգնել վերականգնել վստահությունը եւ, ի վերջո, ամրապնդել փոխադարձ անվտանգությունը: Անվտանգության գործնական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը առաջնահերթ դարձնելը, այլ ոչ թե անլուծելի քաղաքական տարաձայնությունների վրա կենտրոնանալն է պատերազմի հանգույցը քանդելու միակ խելամիտ միջոցը»:




























