Հուլիսի 10-ին Ստեփանակերտում՝ Լեռնային ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ, մեկնարկել է Համահայկական համաժողովը՝ կազմակերպված Հայ հեղափոխական դաշնակցության կողմից: Օրակարգի՝ համաժողովի մասնակիցների քննարկելիք գլխավոր հարցերի շարքում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունները:

Ստեփանակերտ են ժամանել մոտ 120 քաղաքական եւ հասարակական գործիչներ աշխարհի 20 երկրներից: Նրանք կներկայացնեն իրենց դիրքորոշումները հայության համար արդիական հարցերի շուրջ: Նախատեսված են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գերոգի Պետրոսյանի, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ելույթները: ՀՅՖ արցախյան բյուրոյի ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով՝ համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են ճանաչված քաղաքական գործիչներ, պատմաբաններ, հայագետներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: Նա նշեց, որ համաժողովի անցկացումը պայմանավորված է տարածաշրջանային վերջին քաղաքական զարգացումներով, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերություններով, ինչը, ըստ նրա՝ բանականաբար ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Դավիթ Իշխանյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն անփոփոխ կերպով միշտ շեշտել է հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ առկա կապը: «Վերջին 20 տարին Արցախը հանդիսանում է միասնության գաղափար, որ համակցում է հայության երեք հատվածները, եւ այսօր մենք պետք է ցուցադրենք, որ Արցախն օրորոց է, որտեղ կարող են ծնվել համահայկական գաղափարներ, համահայկական ջանքեր գործադրվեն համահայկական խնդիրների լուծման համար»,- Նշեց Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքերով, այս համաժողովը եւս մեկ հնարավորություն է՝բազմակողմանիորեն ներկայացնելու ԼՂՀ-ն միջազգային հանրությանը:

Համաժողովի լուսաբանման համար Ստեփանակերտ են հրավիրվել մոտ 40 լրագրողներ, որոնք ներկայացնում են նաեւ ազդեցիկ միջազգային գործակլություններ եւ հրատարակությունններ: