Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գեներալ Նեջեթ Օզելին հաստատել է զինված ուժերի հրամանատարի պաշտոնում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի նախկին հրամանատար Ըշըք Քոշաներն անցյալ շաբաթ անսպասելիորեն հրաժարական էր տվել: Նրա հետ միասին պաշտոնները լքել են Թուրքիայի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի հրամանատարները եւ ցամաքային ուժերի ղեկավարը: Գեներալները լքել են իրենց պաշտոնները Բարձրագույն ռազմական խորհրդի հրավիրման նախօրյակին:
Աղբյուրն հաղորդում է, որ Գյուլը նաեւ պատրաստվում էր հայտարարելու ցամաքային զորքերի, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի նոր հրամատարների նշանակման մասին:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ բանակի հրամանատարության միջեւ հարաբերությունները վերջին տարիներին բավականին լարված են եղել: 2010 թ. բացահայտվել էր թուրք զինվորականների դավադրությունը, ովքեր նախապատրաստում էին Էրդողանի տապալումը 2002 թ.-ի ընտրություններից հետո: Այդ ընտրություններում հաղթանակ են տարել իսլամիստները: Թուրք զինվորականների դավադրության հետաքննությունը սկսվեց 2010 թ. փետրվարին` «Թարաֆ» թերթում գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո: Կառավարական հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով մոտ 200 մարդ է ձերբակալվել, նրանց շարքում բարձրաստիճան գեներալներ են եղել: Նրանք շարունակում են մնալ ձերբակալված:
20-րդ դարի ընթացքում թուրքական բանակը հանդիսացել է Թուրքիայի աշխարհիկ զարգացման հիմնական երաշխավորը: Ավանդաբար զինվորականների շրջանում հակակղերական տրամադրություններ են իշխել: Բանակը մեծ քաղաքական ազդեցություն է ունեցել երկրում: 1960 թ.-ից մինչեւ 1997 թ.-ն Թուրքիայում չորս ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, հայտնում է «Գազետա.ռու»-ն:




























