Միջազգային բորսաներում նկատվող կտրուկ անկումները Թուրքիայի տնտեսության մեջ խուճապի առիթ են դարձել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական լիրան խիստ թուլացել է եվրոյի եւ դոլարի նկատմամբ։ Դոլարի եւ եվրոյի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ ռեկորդներ են սահմանում։ Երկար ժամանակ 1,5 լիրայի սահմաններում տատանվող 1 դոլարը հասել է 1,8-ի՝ գրանցելով 20 տոկոս աճ։ Եվրոն նույնպես խիստ վերելք է ապրում՝ հատելով 1 եվրոյի դիմաց 2,5 լիրա ցուցանիշը։
Թուրքիայի կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու համար միջամտություն է ցուցաբերել՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 4,5 տոկոս։
Ստամբուլի բորսայի` İMKB 100-ի ինդեքսը եւս ռեկորդային անկում է գրանցել՝ իջնելով 52 253 ցուցանիշի վրա։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական իշխանությունները զգուշացրել էին, թե համաշխարհային տնտեսության մեջ նկատվող բացասական իրադարձությունները կազդեն Թուրքիայի տնտեսության վրա եւ քաղաքացիներին խորհուրդ տվել զգոն լինել։



























