Աբխազիայի հայ համայնքն այդ երկրրի նախագահի պաշտոնում սատարում է Ալեքսանդր Անկվաբի թեկնածությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Աբխազիայի հայ համայնքի խորհրդի նախագահ Գարեգին Ղազարյանը։ Նրա խոսքով, Անկվաբի թեկնածությունը պաշտպանում է Աբխազիայի հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը։

«Մենք միասնական թիմ ենք։ Անկվաբի օգտին են հանդես գալիս իրենց հայրենիքի՝ Աբխազիայի ազատության համար զենք վերցրած հայերը՝ Սերգեյ Մաթոսյանը եւ Վաղարշակ Քոսյանը, Վալերա Մայրոմյանը, Մելիք Խաչատրյանը, Հանրային պալատի անդամ Խաչիկ Մինասյանը եւ շատ ուրիշներ»,- հայտարարեց Ղազարյանը՝ ավելացնելով, որ Աբխազիայի հայերին միայն մի բան է անհրաժեշտ՝ հանգիստ, կայուն ապրելու եւ աշխատելու հնարավորություն։

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնին հավակնող մյուս երկու թեկնածուներին՝ Սերգեյ Շամբային եւ Ռաուլ Խաջիմբային, ապա Գարեգին Ղազարյանը լակոնիկ արտահայտվեց. «Աբխազիայի հայերը չեն հավատում հեքիաթներին եւ խոստումներին։ Ես Անկվաբին ճանաչում եմ 30 տարի, նա խոսքի եւ գործի մարդ է։ Նա օրենքի, կարգուկանոնի կողմանկից է, եւ դա մեզ դուր է գալիս»,- հայտարարեց նա: