Թերթը զրուցել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի հետ.
Պարոն Մարկարով, իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկխոսությունն ունի՞ արդյոք իր նախադեպը այլ երկրների պարագայում։
Իշխանության ու ընդդիմության քաղաքական երկխոսության, կլոր սեղանի շուրջ բանակցությունների մշակույթը ձեւավորվել է դեպի ժողովրդավարություն անցում կատարող երկրներում: Քաղաքագիտության մեջ դրանք հայտնի են «պակտային քաղաքականություն» անվամբ: Նման «պակտային» բանակցություններ քաղաքական պատմությանը հայտնի են անցյալ դարի 70-ականներին Իսպանիայում տեղի ունեցած զարգացումներից, իսկ ամենահայտնի փորձերը կատարվել են հետխորհրդային փուլում Լեհաստանում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում:
Տվյալ դեպքերում պակտը իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված ֆորմալ կամ ոչ ֆորմալ պայմանավորվածություններն են:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ «պակտային բանակցությունների» ձեւաչափով տեղի ունեցած իմ հիշատակած կլոր սեղաններից ոչ մեկի արդյունքում իշխանությունը չի կարողացել պահպանել իր դիրքերը: Հավատացած եմ, որ ՀԱԿ-ի հետ երկխոսության գնացած իշխանական կոալիցիան հիշում է պատմության այս դասերը եւ անհրաժեշտ հետեւություններ կատարել է:
Ամեն դեպքում, երկխոսությունը, իհարկե, կմեղմի ծայրահեղական հռետորաբանությունը, ընդդիմությանը հնարավորություն կտա առավել մեծ մասնակցություն ունենալ քաղաքական որոշումներ կայացնելուն եւ էականորեն կնվազեցնի հասարակական-սոցիալական-քաղաքական լարվածությունը:
Արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջը չի՞ հակասում քաղաքական նման զարգացումների տրամաբանությանը:
Իհարկե, արտահերթ ընտրությունների պահանջը նաեւ իմաստային առումով է ծայրահեղական հնչում: Այս կերպ ՀԱԿ-ը իր համակիրներին փորձում է հավաստիացնել, որ կարող է նվազեցնել իշխանության քաղաքական ազդեցությունը։
Միշտ իշխանությունը ավելի պատրաստ է լինում վաղաժամկետ ընտրություններին, քան ընդդիմությունը: Բայց եթե հաշվի առնենք բողոքական զանգվածի գործոնը, ապա վաղաժամկետ ընտրությունները իշխանության համար որոշակի վտանգ են առաջացնում: Հետսոցիալիստական երկրներում, օրինակ, բողոքի ալիքը այնքան մեծ էր, որ կոմունիստական ոչ մի իշխանություն չպահպանեց իր դիրքերը: Լեհաստանում ազատ, մրցակցային ընտրություններում Սենատի 100 մանդատներից 99-ը բաժին հասավ ընդդիմությանը, մեկ մանդատ ստացավ անկախ թեկնածու: Իշխանությունը ոչ մի մանդատ չստացավ կամ բացարձակ պարտություն կրեց:
Անշուշտ, Հայաստանում այս իրավիճակը չէ այն պարզ պատճառով, որ բողոքի, դժգոհության ալիք թեեւ կա, սակայն մեծ չէ: Իշխանությունը անկասկած կարող է ակնկալել, որ մեր քաղաքացիների որոշակի հատվածը եւ վաղաժամկետ, եւ հերթական ընտրությունների դեպքում պատրաստակամորեն պաշտպանելու է գործող իշխանությանը:
Պարոն Մարգարյան, կանխատեսելի՞ էր մյուս քաղաքական ուժերի քննադատական վերաբերմունքը իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը:
Ըստ էության այժմ երկխոսում, բանակցում են այն երկու հիմնական քաղաքական ուժերը, որոնք տվյալ պահին գործում են ներքաղաքական դաշտում: Երկխոսությանը չեն մասնացում այն քաղաքական ուժերը, որոնց քաղաքական կշիռը համեմատաբար պակաս է:
Այդ կշիռը որոշվում է այն քվեների քանակով, որ նրանք կարող են ստանալ ընտրություններում: Զգալիորեն համեստ քաղաքական կշիռ ունեցող արտախորհրդարանական ուժին իշխանությունը չի կարող համարել բանակցային համահավասար գործընկեր: Իշխանությունը երկխոսում է արտախորհրդարանական այն ուժի հետ, որը հետաքրքրություն է առաջացրել եւ որոշակի կշիռ ունի: Եթե այլ ուժեր ցանկանում են երկխոսության մեջ մտնել իշխանության հետ, ապա պետք է համապատասխան կշիռ ձեռք բերեն կամ ապացուցեն իրենց կարեւորությունը:




























