Asbarez  թերթը ներկայացրել է Թուրքիայում գործող քրիստոնեական տաճարների ամբողջական ցուցակը:  Մանրամասն տեղեկատվությունը զետեղվել է` սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդսոնի գրավոր պատասխանի հետ կապված:

Մենեդեզը մասնավորապես հարցրել էր, թե ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչեւ 1915թ-ը  գործող երկու հազարից ավելի հայկական եկեղեցիներից այսօր քանիսն է իր նշանակությամբ գործում:

Իր պատասխանում Ռիչարդսոնը նշել է, որ « եկեղեցիների մեծ մասը գործում է,  առանձնահատուկ նշանակություն ունեցող որոշ եկեղեցիներ վերածվել են թանգարանի, մնացածները կամ վերծվել են մզկիթի կամ էլ  լքվել են»:

Asbarez-ի ներկայացրած ցուցակում միայն 34 գործող հայկական եկեղեցի է նշվում, որոնցից 28-ը Ստամբուլում, 6-ը` Անատոլիայում: «Մինչեւ 1915 թ-ը Թուրքիայում մոտ 2300 հայկական եկեղեցի էր հաշվվում:  Եթե ավելացնենք  նաեւ հունական, կաթոլիկ, բողոքական եւ ուղղափառ եկեղեցիներին, ապա թիվը կկրկնապատկվեր: Դա որոշելը դժվար է, հեշտ է պարզել, թե որքան եկեղեցի է  գործում այսօր»,-նշում է թերթը:

Ստամբուլում պահպանված եւս 12 հայկական եկեղեցիներ փակվել են` այցելուներ չունենալու պատճատով: Բացի այդ, Ստամբուլում  կա 9 հայ կաթոլիկ եկեղեցի, որոնցից գործում է չորսը:

«Մինչեւ վերջերս հայ եկեղեցու սպասավորներին արգելվում էր  նույնիսկ եկեղեցիներում փոքրիկ բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Գործող կառավարության օրոք որոշակի բարելավում նկատվում է. վերականգնվել է Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին, թեեւ որպես թանգարան,  իսկ պատմական նշանակություն ունեցող մի քանի տաճարներում թույլատարվել է վերականգնումը»,-գրում է թերթը:

Ինչ վերաբերում է պահպանված հունական 75 եկեղեցիներին,  ապա իրականում գործում է նրանց շատ քիչ մասը միայն, քանի որ Թուրքիայում անցկացված վերջին մարդահամարի արդյունքներով  հույների թիվը  ընդամենը 2 հազար է կազմում: