NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է սեպտեմբերի 1-ին «Le Figaro» պարբերականում հրապարակված Իվ Միզրեյի հոդվածը.
«Ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր տարածաշրջանում են մարդիկ սովորել գինի պատրաստել: Առեղծվածը լուծված չէ, թեեւ Միջերկրական ծովի ավազանում եւ Կովկասում որոշ բացահայտումներ կատարված են: Այն, որ հիմա հնարավոր է տարբերել պեղված վայրի եւ տնային խաղողի կորիզները, նոր ճանապարհ է բացում ուսումնասիրությունների համար: Չէ՞ որ մեր պապերը կարողացել են գինի պատրաստել վայրի խաղողից, մինչ տնային խաղող մշակել սովորելը: Այս համատեքստում Հայաստանի հարավում գտնվող քարանձավներից մեկում 2007 թ. հայտնագործությունը մնում է որպես բացառիկ կարեւոր իրադարձություն: Հայ եւ ամերիկացի հնագետներն այնտեղ իսկական գանձ էին գտել. հնագույն մամլիչի մնացորդներ, կավե ամանների կտորներ, խաղողի կորիզներ, անգամ կոթուններ:
Բոլոր այս մնացորդները շատ լավ վիճակում պահպանվել են մ. թ.ա. 4-րդ հազարամյակին պատկանող շերտի տակ («Հնագիտական հանդես», 2011թ. մայիս):«Նրանց բախտը բերել է մեկ վայրում այդքան շատ բան գտնելու առումով»,-խոստովանում է Թուլուզի համալսարանից (Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն) Ֆիլիպ Մարենվալը: Նման քանակությամբ գտածոները թույլ են տալիս վստահաբար ասել, որ դա նեոլիթի շրջանի գինու հնագույն պահեստներից է: «Մենք երբեք չենք ասել, որ գտել ենք աշխարհի ամենահնագույն գինին»,-ընդգծել է Կալիֆորնիայի համալսարանից Հանս Բարնարդն ու շարունակել. «Միաժամանակ, մենք մշակեցինք գինու շատ հին հետքերի բացհայտման հուսալի մեթոդ եւ այն փորձեցինք Սիրիայում եւ Հայաստանում հայտնաբերված նմուշների վրա»: Ինդիկատոր է համարվում խաղողին բնորոշ կարմիր գունանյութը` մալվիդինը:
Դրա հետքերն են հայտնաբերվել հայկական քարանձավի կավե ամանների պատերին, ինչպես նաեւ Սիրիայի Թել Մոզանեի գտածոների վրա: Սա ցուցանիշ է, բայց Հանս Բարնարդի համար բավարար չէ: «Վերջնական ապացույցը կարող է լինել միայն հնագիտական, պատմական եւ քիմիական ինդիկատորների զուգակցումը: Իդեալական կլիներ գտնել էթանոլի (սպիրտ) հայտնաբերման նոր միջոց, բայց այն շատ լավ անհետանում է եւ ոչ մի նստվածք չի թողնում: Բացի այդ, ալկոհոլը կարող է բնական միկրոբիոլոգիական պրոցեսի առարկա լինել: Ուստի հազիվ թե հնագիտական համատեքստում երբեւէ հաջողվի գինու կամ այլ սննդամթերքի առկայության վերաբերյալ անհերքելի թեստ մշակել» ,-թերթին ասել է գիտնականը:




























