Թերթը զրուցել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ.
ՀԱԿ քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 9-ից «հանրահավաքների հզոր արշավ» է վերսկսում: Սա չի՞ նմանվում նոր «մարտիմեկ» կրկնելու հրապարակային սպառնալիքի:
Իշխանության համար ՀԱԿ-ի անհանդուրժողական պայքարի հետեւանքները բոլորս տեսել ենք: Հիմա ՀԱԿ-ը նման ռեսուրս այլեւս չունի: Այն, ինչ այսօր ձեռնարկում է ՀԱԿ-ը, իշխանության հետ երկխոսությունը շարունակելու փոխարեն, ես պարզ շանտաժ եմ բնութագրում: Միաժամանակ ՀԱԿ-ը ընդդիմության ճամբարում իր գոյությունն արդարացնելու խնդիր ունի եւ, բնականաբար, պետք է հոխորտա: Շատ ավելի կարեւորում եմ մեր քաղաքական ու հասարակական կյանքում տեղի ունեցող անվիճելիորեն դրական զարգացումները:
Մենք տեսանք, որ ՀԱԿ-ն իշխանության հետ երկխոսության եկավ առավելագույն պահանջներով եւ ամեն ինչ միանգամից ստանալու նկրտումով` այս կերպ անտեսելով անհամեմատ կարեւոր շատ ծառացած խնդիրներ: Անկասկած բոլորը չէ, որ ՀԱԿ-ում ողջունում էին իշխանության հետ երկխոսությունը: Երբ ՀԱԿ գրասենյակի անդամ Գագիկ Ջհանգիրյանը մամուլում կարծիք է հայտնում, թե իշխանության մեջ ոմանք երկխոսությունը խափանելու անձնական դիտավորություններ կարող էին ունենալ, թող նույնը խոստովանի նաեւ ՀԱԿ-ի դեպքում:
Ակներեւ է, որ ՀԱԿ-ում կան գործիչներ, որոնց գործելաոճը բացառապես ջարդել-փշրել-կործանել-սպանելն է: Նրանք էքստրեմալ իրավիճակների «հերոսներն» են եւ ընդունակ չեն քաղաքակիրթ քաղաքական մրցակցային պայքարի: Հենց սրանց պատճառով է, որ ՀԱԿ-ում քիքբոքսինգիստները հաղթեցին շախմատիստներին, եւ արմատականությունից հրաժարվելու փորձը հաջորդ իսկ օրը ռեւանշիստները ձախողեցին:
Հասկանալի է, որ միշտ կարելի է գտնել մի շիզոֆրենիկ երիտասարդ, որ ամեն գնով ձգտում է դառնալ «շաբաթվա մարդ», եւ միշտ կգտնվի մի ոստիկան, որ, չկարողանալով մնալ իրավական հարթությունում, կզսպի այդ երիտասարդի նկրտումները:




























