Հայաստանը պատրաստ է Արթուր Բադալյանի գործով որպես երրորդ կողմ հանդես գալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց զինվորական դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Ըստ կանոնակարգի` դատարանը գործն ընդունելով վարույթ, կառավարությանը, տվյալ դեպքում` ՀՀ կառավարությանը  որպես երրորդ կողմ մասնակցելու առաջարկություն է ուղարկում: Տվյալ պահին նման առաջարկություն դեռեւս չի եղել: Հենց ստանանք, միանշանակ, հանդես կգանք որպես երրորդ կողմ` մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում»,-ընդգծեց Գեւորգ Կոստանյանը:

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը 2009թ. մայիսի 9-ին մոլորվել էր անտառում եւ գերի ընկել: Միայն մեկուկես տարի անց` 2010թ. նոյեմբերի 8-ին էր ադրբեջանական կողմը հաստատել նրա գերության փաստը` մինչ այդ  կտրուկ բացառելով դա: Բադալյանը վերադարձվել էր հայրենիք այս տարի մարտի 17-ին:

Արթուր Բադալյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը հայց էր ուղարկել ՄԻԵԴ` հաշվի առնելով, որ քաղաքացիական անձին մեկուկես տարուց ավելի գերության մեջ պահելը միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, ինչպես նաեւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է,  որը ոչ մի արդարացում չունի եւ դատապարտելի է ոչ միայն միջազգային հումանիտար եւ իրավապաշտպան կազմակերպությունների, այլ ողջ միջազգային հանրության կողմից: